Լրահոս
Օրվա լրահոսը

Չնվազող արտագաղթն իրական սպառնալիք է Հայոց պետության գոյության համար, որն էլ ի վերջո կհանգեցնի վերջնական հայրենազրկման. Հանուն Հայաստան Պետության ճակատ 

Դեկտեմբեր 29,2017 10:35

Ամանորյա ուղերձ Հայաստանի քաղաքացիներին և ամբողջ
աշխարհի հայությանը

Հայ ժողովուրդը 1990 թվականին ընդունված Անկախության Հռչակագրով ի լուր աշխարհի հայտարարեց Հայաստանի և Արցախի տարածքների վրա ազատ, անկախ, ինքնիշխան պետության կառուցելու իր կամքի մասին:

Հռչակագիրն ազատ, անկախ, ինքնիշխան հզոր պետության կառուցման հիմքերը դնելու մեր դարավոր երազանքների խտացումն էր, պետություն, որտեղ տիրելու էր համաժողովրդական համաձայնությամբ ընդունված, իշխանությունների ու ժողովրդի համերաշխ գործունեությունը ապահովող հիմանական օրենքը՝ Սահմանադրությունը:

Պետություն, որտեղ իշխանությունները կկազմավորվեին բացառապես ժողովրդի ազատ կամքով և կգործեին համաձայն սահմանադրության ու օրենքների, հանուն ժողովրդի բարեկեցության, պետության և ժողովրդի անվտանգության, հանուն հզորացման ու առաջընթացի:

Պետություն, որը կլիներ այս աշխարհում հայի համար ապահով ու արժանապատիվ ապրելու ամենահարմարավետ վայրը:

Ցավոք, ստացվեց ճիշտ հակառակը:

Անկախության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված պետական կառավարման ապակառուցողական համակարգ, հետևողականորեն ոչնչացնելով հանրային և անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների, տնտեսական, այժմ արդեն նաև ռազմական ուղղություններում համարյա ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտարին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին:

Ծայրահեղ աղքատությունը, անարդարությունները, անկախ, արդարադատ դատական համակարգի բացակայությունը, համատարած թալանն ու կոռուպցիան, մարդու ազատ ապրելու և արարելու միջավայրի աստիճանական վերացումն իրար հաջորդող ոչ օրինակարգ իշխանությունների կողմից հանգեցրել են զանգվածային արտագաղթի:

Չնվազող արտագաղթն իրական սպառնալիք է Հայոց պետության գոյության համար, որն էլ ի վերջո կհանգեցնի վերջնական հայրենազրկման:

Այդ ամենի դեմն առնելու հայ հանրության ցանկացած ընդվզում բարբարոսաբար ճնշվում է օտարածին իշխանությունների կողմից՝ բանտերը լցնելով ապօրինի դատապարտված նորանոր քաղբանտարկյալներով:

Այսօր էլ ընթանում են քաղաքական դատավարություններ՝ նախօրոք գծված սցենարներով ու արդեն նախապես պատվիրված դատավճիռներով:

Առջևում Նոր տարին է, և Նոր տարում մարդկանց մեջ ծնվում են նոր ակնկալիքներ, ապագայի հանդեպ նոր հույսեր, նոր սպասումներ:

ՀՀՊ ճակատն ընդունել է հռչակագիր, որով տրվում են առկա խնդիրների լուծման և ծառացած մարտահրավերների դեմն առնելու բանալին:

Եվ ՀՀՊ ճակատը գործադրելու է ամեն ջանք՝ միավորելու հասարակությանը, վերարթնացնելու լավ ապագայի հույսը, սեփական ուժերի նկատմամբ սասանված հավատը:

Համոզված ենք, որ այս վտանգները քաջ գիտակցում է նաև հայկական սփյուռքն իր ամբողջության մեջ: Եվ Հայաստանի հանրությունը միայն սփյուռքի առարկայական աջակցությամբ կկարողանա դեպի անէություն տանող այս գաղութացման ընթացքի դեմն առնել:

Վստահ ենք, որ մեր ժողովուրդն արժանի է ունենալու այն պետությունը, որն ուրվագծվել է Անկախության հռչակագրով:

Եվ միայն ազատ ու արդար, հարուստ ու հզոր պետությունում է հնարավոր, որ իրականանան առողջության, երջանկության, բարեկեցության, արժանապատիվ կյանքի, լիքը զավակներով սեղան նստելու, առատ սեղանների, անհոգ ու ուրախ օրերի, առանց քաղհալածյալների, կայուն ու համերաշխ, արդար հասարակություն ունենալու ամանորյա բարեմաղթանքները:

Եվ մեր միասնական կամքի ձևավորմամբ ու միասնական ջանքերով կհասնենք ազատ, անկախ, արդար, հզոր, ինքնիշխան պետություն կերտելուն՝ ինտեգրվելով առաջադեմ պետությունների միջազգային ընտանիքին:

Շնորհավոր բոլորիս Նոր տարին:

 

Հանուն Հայաստան Պետության ճակատ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031