Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է իջնում Կարեն Կարապետյանի վարկանիշը՝ ըստ ՀՀԿ-ականների

Դեկտեմբեր 29,2017 17:30

Գալուստ Սահակյանի մեկնաբանությամբ՝ վարչապետն այնպիսի աշխատանք է, որ անընդհատ բարձրանում եւ իջնում է:

«Գելափ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության վերջին հարցումներով, որն անցկացվել էր նոյեմբերի 10-22-ը, վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն իջել էր: Ըստ սոցհարցումների՝ մարդկանց ընդամենը 26.2 տոկոսն է դրական գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը, ու նրանից ավելի դժգոհ են, քան նախագահ Սերժ Սարգսյանից, որի աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 26.7 տոկոսը: Հիշեցնենք, որ ողջ նախընտրական քարոզարշավին ՀՀԿ-ականները դրոշակ էին դարձրել Կարեն Կարապետյանի 85 տոկոսանոց վարկանիշը: Իսկ հիմա արդեն նրա վարկանիշը գնահատվում է մոտ 57 տոկոս:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց ՀՀԿ-ական պատգամավորների հետ՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառը, ըստ նրանց, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը այսպես գնալով անկում է ապրում:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Վարչապետն այնպիսի աշխատանք է, որ անընդհատ բարձրանում եւ իջնում է: Բայց, ըստ էության, որպես քաղաքական, գաղափարական կամ ընդհանրապես վարչապետական աշխատանք՝ մենք գտնում ենք, որ շատ կայուն վարչապետ է Կարեն Կարապետյանը եւ աշխատում է օրնիվեր: Այնպես որ, կապված տարբեր առիթներով, ինչպես սննդի թանկացում եւ այլն, այս դեպքում ժողովուրդը մտածում է ով մեղավոր կլինի, ու ում որ պատկերացնում է, այդ առումով էլ վարկանիշն իջնում է»: Հարցին՝ կարծում եք, թանկացումների ֆոնի՞ն է, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն իջնում է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ընդհանրապես եմ ասում, ժողովուրդը ում մեղավոր է համարում, նրա վարկանիշն իջնում է»:

Մենք հետաքրքրվեցինք՝ նախորդ վարչապետների հետ համեմատած Կարեն Կարապետյանն ավելի տքնաջա՞ն է աշխատում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներն էլ իր խնդիրներն ուներ, եւ ես չեմ կարծում, որ որեւէ վարչապետ կար, որն ընդունվում է այդ աշխատանքի եւ մտածում է այնպիսի գործողություն կատարի, որ ի վնաս իր ժողովրդի լինի: Բոլորն էլ աշխատում են: Ընդ որում, եւ քաղաքականությունը, եւ վարչապետը պիտի նայես տվյալ ժամանակաշրջանի առումով»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությամբ՝ «Վարկանիշները սոցիալ-հոգեբանական կատեգորիա են, կարող է բարձրանալ, կարող է իջնել, պետք չի դրանք այդպես ցավոտ տանել: Ոչ պետք է վարկանիշի կտրուկ բարձրացումից ընկնել գլխապտույտի մեջ, ոչ էլ պետք է դեպրեսիայի մեջ ընկնել, երբ վարկանիշն ընկնում է: Հիմնականում ամբողջ աշխարհում էլ ընտրություններից առաջ, նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխող քաղաքական ուժի կամ ֆավորիտների վարկանիշները բարձրանում են, հետընտրական պրոցեսում նույնն է: Կարող ենք Թրամփից սկսել, վերջացրած ցանկացածով: Նույն Ռուսաստանում Պուտինի վարկանիշի կտրուկ աճ է դիտարկվում, սա պայմանավորված է նաեւ հենց նախընտրական գործընթացներով: Իսկ ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի ռեյտինգին, ռեյտինգը ավելի շատ զգացական գնահատական է: Հանգիստ եմ վերաբերվում»:

Հարցին՝ երբ որ նոր եկավ նա Հայաստան, ահագին բարձր էր ռեյտինգը, ինչ-որ պատճառ պե՞տք է լինի, որ 85 տոկոսանոց ռեյտինգից այսքան իջնի նրա վարկանիշը, Շարմազանովը պատասխանեց. «Կարեն Կարապետյանի կառավարության վստահությունը տեսել եք բյուջեի քվեարկության ժամանակ: Մենք այդ քվեարկությամբ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը կառավարության աշխատանքին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

28.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031