Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ ԵԽԽՎ-ում. հրատապ քննարկում, նախագահի նոր թեկնածու

Դեկտեմբեր 29,2017 17:00

ԵԽԽՎ ղեկավարության և ՌԴ ներկայացուցիչների միջև Վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացվածության և ներգրավվածության վերաբերյալ քննարկումներ են ընթանում:

Արդեն հայտնի է՝ ով է լինելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահի թեկնածուն, եթե, իհարկե, չխախտվեն պայմանավորվածությունները: Հունվարի 22-26-ը կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մի շարք զարգացումներ են սպասվում, մասնավորապես՝ Վեհաժողովն ընտրելու է նախագահ, մարդու իրավունքների հանձնակատար:

«Առավոտը» ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու պատվիրակությունն այս ընտրությունների հետ կապված, արդյոք արդեն հստա՞կ է հայկական պատվիրակության դիրքորոշումը: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, թե հայկական պատվիրակությունը, բնականաբար, թեկնածուների վերաբերյալ արդեն ունի իր դիրքորոշումը, սակայն նշեց, որ այս պահին նպատակահարմար չի համարում բարձրաձայնել: Այնուհետև անդրադառնալով ԵԽԽՎ նախագահի ընտրությանը՝ տեղեկացրեց, որ ըստ Վեհաժողովում գործող քաղաքական պայմանավորվածության՝ այժմ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը սոցիալիստների խմբինն է. «Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովն արդեն ընտրել է մարդու իրավունքների հանձնակատարի թեկնածուներին և ամենաշատ ձայներ ստացած երեք թեկնածուներին երաշխավորել Վեհաժողովին ընտրության համար: Այլևս հստակ է, որ սոցիալիստները ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար առաջադրելու են խմբի ղեկավար Միկելե Նիկոլետիի թեկնածությունը: Եթե քաղաքական պայմանավորվածությունը հարգվի, ապա, որպես այդպիսին, ընտրության գործընթաց, թեկնածուների պայքար չի լինելու, այլ պայմանավորվածության համաձայն՝ առաջադրվելու և ընտրվելու է համապատասխան խմբի թեկնածուն»:

Հետաքրքրվեցինք՝ վտանգներ կա՞ն, որ ադրբեջանամետ խմբի ստեղծման գործընթացը նոր թափ կստանա ձմեռային նստաշրջանի ընթացքում: Հիշեցնենք, որ իտալացի պատվիրակներից մեկի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր քաղաքական խումբ՝ ազատ դեմոկրատներ, սակայն այն 2018-ի համար ֆինանսավորում չի ունենա:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Որպես այդպիսին, «ադրբեջանամետ խումբը», եթե այդպես եք ձևակերպում, արդեն ստեղծված է: Այն շարունակում է գոյություն ունենալ այլևս բոլոր այն քաղաքական իրավունքներով, որոնք ունեն մյուս քաղաքական խմբերը։ Այստեղ խոսք չի կարող գնալ նոր թափ ստանալու մասին: Ժամանակը ցույց կտա, թե ինչ ներքին օրակարգով է խումբը գործելու»:

Նոր զարգացումներ են տեղի ունեցել նաև վերջերս Փարիզում անցկացված ԵԽԽՎ բյուրոյի, մոնիթորինգի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ընթացքում: Տիկին Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության ջանքերով իրավական հարցերի հանձնաժողովում առաջարկվել է, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ձմեռային նստաշրջանի ընթացքում իրավական հարցերի հանձնաժողովին ներկայացնի Ադրբեջանի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն. «Մասնավորապես խոսքը Նախարարների կոմիտեի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումի մասին է, որի համաձայն՝ Եվրոպական դատարանը պետք է պարզի` արդյոք Ադրբեջանը խախտե՞լ է ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները, թե՞ ոչ»:

Անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ասաց. «Տեղի են ունեցել նաև իսրայելա-պաղեստինյան հարցի հետ կապված քննարկումներ: Պաղեստինի ու Իսրայելի ներկայացուցիչները ԱՄՆ նախագահի որոշումից հետո՝ քաղաքական նոր իրողությունների պայմաններում, հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց դիրքորոշումները: Իր հերթին հանձնաժողովում որոշում կայացվեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ բավական չեզոք վերտառությամբ հրատապ քննարկում անցկացնել ձմեռային նստաշրջանի ընթացքում»:

ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերի հանձնաժողովում որևէ կոնկրետ քննարկում Հայաստանի կամ Ադրբեջանի վերաբերյալ չի եղել: Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ քննարկվել է նախորդող տասն ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները գրավոր փաստաթղթերի տեսքով, օրինակ՝ որ երկրների կապակցությամբ ինչպիսի որոշումներ են կայացվել. «Այստեղ ևս Ադրբեջանին վերաբերող որոշումների տեքստերում որոշակի խստացումներ են եղել: Սակայն հաշվի առնելով, որ այդ հանձնաժողովն իր գործունեությունը ծավալում է խորհրդապահական ռեժիմով, ես ավելի մանրամասն տեղեկատվություն չեմ կարող տալ: Այս համատեքստում ևս մեր պատվիրակությունը, ըստ էության, որոշակի ջանքեր գործադրել է: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բյուրոյին, ապա ընթանում են քննարկումներ ԵԽԽՎ ղեկավարության և ՌԴ ներկայացուցիչների միջև Վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացվածության և ներգրավվածության վերաբերյալ»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031