2017 թվականի ավարտին մի քանի օր է մնացել, ամփոփելով անցնող տարին՝ առանձնացնենք որոշ կարեւոր իրադարձություններ:
2017-ի քաղաքական կարեւոր իրադարձություններից էին Ազգային ժողովի ընտրությունները: Եկող տարի Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասած, անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տարվա ԱԺ ընտրություններն ու խմբակցությունների կազմը թերեւս հենց դրանով էին կարեւոր, քանի որ եկող տարի երկրի գլխավոր պաշտոնյան ու ղեկավարը լինելու է վարչապետը, որին ընտրելու է Ազգային ժողովը:
Այս տարի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 9 քաղաքական ուժեր, սակայն սահմանված շեմը հաղթահարել ու խորհրդարանում են հայտնվել 4 քաղաքական ուժեր: Ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7։ Այս տարվա ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած քաղաքական ուժերն էին՝ «Ազատ դեմոկրատները», «Հայկական վերածնունդը»՝ նախկին՝ ՕԵԿ-ը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Այս ընտրությունների արդյունքները չընդունեցին եւ կեղծված համարեցին ՕՐՕ-ն ու Կոնգրես-ՀԺԿ դաշինքը: Վերջինս նաեւ Սահմանադրական դատարան դիմեց, բայց իր ուզած արդյունքին չհասավ:
«Քաղաքացի դիտորդն» արձանագրել է ընտրակաշառքի եւ ուղղորդված ընտրությունների բազմաթիվ դեպքեր: Եվ չնայած իշխանությունները հայտարարել են, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ են նախորդից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում նշվել է. «Ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա ԱԺ ընտրությունների ընթացքը»։
Խորհրդարանում իրեն ընդդիմություն հայտարարած «Ելքի» քարտուղար Էդմոն Մարուքյանը իշխանության լեգիտիմության մասին ասել է. «Միանշանակ չես կարող ասել, որ իշխանությունը լեգիտիմ է, եւ միանշանակ չես կարող ասել՝ լեգիտիմ չէ: Կարելի է ասել՝ մասամբ լեգիտիմ է: Եթե բոլորս ասենք՝ ոչ, նա լեգիտիմ չէ, ի՞նչ է փոխվելու: Հա՝ ի՞նչ: Հիմա խոսալ՝ ով է լեգիտիմ, ով՝ չէ, գնացքը գնացել է»: Այս կարեւոր ընտրություններից հետո, ըստ էության, ընդդիմությունը, հատկապես արտախորհրդարանականը, իրեն կարծես թե սպառել է:
Այս տարվա քաղաքական կյանքում կարեւոր իրադարձություն էին նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները. քաղաքապետն անփոփոխ մնաց, կրկին Տարոն Մարգարյանն է Երեւանը կառավարում: Այս տարի ավագանիում նոր խմբակցություններ հայտնվեցին՝ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին», այս տարի «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեց ավագանու ընտրություններին, նախորդ ավագանիի կազմում «Բարգավաճ Հայաստանը» ահագին էլ մանդատ ուներ:
2017-ի կարեւոր իրադարձություններից էր Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարեւոր իրադարձությունը Սարգսյան-Ալիեւ հանդիպումն էր այս տարվա հոկտեմբերի 16-ին ՝ Ժնեւում: Այս անգամ էլ բանակցությունների մանրամասները հանրությանը չբացահայտեցին, պայմանավորվածություններն էլ գաղտնի մնացին, բայց հանդիպումը կարեւոր էր, քանի որ եթե բանակցություններ չեն լինում, թնդանոթներն են խոսում:
Այս տարվա դատաիրավական կյանքում աղմկահարույց դեպքը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ «Իգլայի» գործն էր: Ըստ Դատարանի վճռի՝ Բաբայանը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել եւ պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Բաբայանը սատարում էր «ՕՐՕ» դաշինքին:
Այս տարվա աղմկահարույց եւ շատ քննարկվող սպանությունը Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունն էր: Ըստ քննչական կոմիտեի՝
սպանված կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից. 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ եւ ամուսնու միջեւ տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, ապա կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն եւ տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով կինը որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում: Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Գործը նախաքննության փուլում է:
Օգոստոսի 29-ին Գոռ Հակոբյանը «Weekend» ակումբում պատանդ է վերցրել իր ընկերուհուն, սպառնացել սպանել նրան։ Մեկ ժամ տեւած անարդյունք բանակցություններից հետո իրավապահները դիպուկահարի արձակած կրակոցով վնասազերծեցին Հակոբյանին՝ սպանելով։
Այս տարի հրազենի գործադրմամբ քրեական տարրերի մասնակցությամբ «վենդետայի» աղմկահարույց դեպքերից Շամիրամ գյուղի սգո սրահում կատարված 4 անձի սպանությունն էր եւ Երեւանում Թուֆենկյան հյուրանոցի մոտ կատարված 1 անձի սպանությունը:
Այս տարի ամենաշատ քննարկված եւ աղմուկ հանած օրենքի նախագիծը Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն էր: Երկար քննարկումներից եւ դժգոհություններից հետո այն վերանվանվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք, որոշ դրույթներ էլ փոփոխվեցին: Նախագծի համահեղինակները համարում են, որ այդ փոփոխությունները խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը: Օրենքի նախագիծն ԱԺ-ում ամբողջությամբ ընդունվել է վերջերս: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն էլ այս տարվա ամենաշատ քննարկվողներից էր: Այս օրենքով, ըստ էության, վերացվում է տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն 3 տարի ժամկետով: Եթե նման պայմանագիր չկնքեն, տղաները 18 տարին լրանալուն պես 2 տարով կզորակոչվեն բանակ: Նախագծի դեմ բազմաթիվ ուսանողներ բողոքի ցույցեր ու դասադուլ արեցին: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը 5 օր հացադուլ արեց, սակայն օրենքն ամբողջությամբ ընդունվեց:
Այս տարի բնությունը բարեհաճ էր մեր հանդեպ. անձրեւներ քիչ եղան. այս տարվա բնությանը հասցված ցավալի դեպքերից էր Խոսրովի անտառ արգելոցի հրդեհը: Պաշտոնյաներն արդեն հայտարարել են՝ հրդեհը մարդածին է, Խոսրովում այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ:
Կառավարության, մասնավորապես առողջապահության նախարարության նախաձեռնություններից աղմկահարույցը 13 տարեկան աղջիկներին մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստելու ծրագիրն էր. այն ընդդիմության հանդիպեց, մինչ օրս էլ շատերը հրաժարվում են իրենց աղջիկներին պատվաստել:
Այս տարի ո՛չ կենսաթոշակները եւ ո՛չ էլ աշխատավարձերի բարձրացում չեղավ, մյուս տարի էլ պետական բյուջեով նախատեսված չէ: Այս տարի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016-ի աղքատության ցուցանիշները (այս տարվա աղքատության մասին ԱՎԾ-ն 2018-ին կհրապարակի): Ըստ ԱՎԾ-ի՝ մեր երկրում աղքատությունը 29.4% է կազմում, այսինքն՝ մեր երկրի 10 բնակչից 3-ն աղքատ է: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2017-ի հոկտեմբերի 1-ի (ԱՎԾ-ն տարեկան ամփոփիչ տվյալները 2018-ին է հրապարակելու) դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը նվազել է 6500 մարդով, այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ից 13,500 մարդ մեկնել է եւ չի վերադարձել: Մեր երկրում 2013-2016-ին միգրանտների միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 24 000 մարդ:
Տարվա ամենահնչեղ խոստումը վարչապետն է տվել՝ 850 միլիոն դոլարի ներդրում: Հետո, երբ մամուլը հետեւեց պաշտոնական թվերին ու բացահայտեց, որ այդ օտարերկրյա ներդրումները «փուչիկ են», վարչապետ Կարապետյանը հայտարարեց՝ 850 միլիոն դոլարի խոստացած ներդրումների մեջ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերն էլ են ներառված, որոնց մի մասը իրականացվել է:
Տնտեսական տարին կամփոփվի մոտ 7% տնտեսական աճով՝ խոստանում են վարչապետի կաբինետի նախարարները: Պետական պարտքը ՀՆԱ-ում կկազմի 55.1%, այն տարեվերջին 6 միլիարդ 810 միլիոն դոլար կլինի, իսկ 2018-ի վերջին կհասնի 7.2 միլիարդ դոլարի։
Այս տարվա ինտրիգը՝ 2018-ին ով է լինելու երկրի վարչապետը. տարեսկզբին մի քանի անուններ շրջանառվեցին, թեեւ մինչ այսօր պաշտոնապես չի հայտարարվել, թե ՀՀԿ-ն ում թեկնածությունն է առաջադրելու, սակայն տարեվերջին ՀՀԿ-ի ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարեցին՝ իրենց համար վարչապետի անփոխարինելի թեկնածուն գործող նախագահն է:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
28.12.2017