Կալանավայրերում մեծ թիվ են կազմում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի տարեկան հաշվետվություններն ունեն մեկ՝ կանխարգելիչ նպատակ:
Ամփոփվել եւ առանձին գրքույկով լույս է տեսել հասարակական դիտորդական խմբի
2016 թվականի պատկերը:
Խմբի կողմից կատարվել է 94 այցելություն: Նկատենք, որ 48,3 տոկոսը վերաբերել է քրեակատարողական հիմնարկներում առողջապահական խնդիրներին:
1,7 տոկոս են կազմել կալանավորի, ՔԿՀ աշխատակցի կողմից բռնություն գործադրելու դեպքերը. «Խմբի կողմից հաշվետու տարում արձանագրված խնդիրների 62,7 տոկոսը չի կարգավորվել»:
Ըստ ներկայացված հաշվետվության, խմբի անդամները քրեակատարողական բոլոր հիմնարկներում ուսումնասիրել են պատշաճ բուժսպասարկման, դեղորայքային ապահովվածության, դրանց որակի, տեխնիկական հագեցվածության խնդիրները:
«Գորիս» ՔԿՀ-ում ատամնաբուժական սենյակը վերանորոգված չէր, ապահովված չէ պատշաճ կահույքով, սանիտարահիգիենիկ պայմանները բացակայում են: «Վանաձոր» ՔԿՀ-ում էլ ատամնաբուժարանի սարքավորումներն են եղել ոչ պիտանի:
Առհասարակ, փաստացի բուժմաս համարվող տարածքները տասնամյակներ առաջ կառուցված շինություններ են, եւ շենքային պայմանները չեն համապատասխանում բժշկական հաստատություններին ներկայացվող պահանջներին:
Անդրադառնալով դեղորայքային հագեցվածության խնդրին, հասարակական դիտորդական խումբն արձանագրել է. «Հարցման արդյունքները փաստում են, որ սուր հիվանդություններ ունեցող դատապարտյալներին դեղերով ապահովում են հարազատները: Դիտարկումները ցույց են տալիս, որ ՔԿՀ-ներում մեծ թիվ են կազմում սրտի իշեմիկ հիվանդությամբ եւ շաքարային դիաբետով հիվանդ անձինք, որոնք պատշաճ չեն ապահովվում դեղորայքով, բացակայում են հիվանդությունների հայտնաբերման եւ վերահսկման համար անհրաժեշտ սարքավորումները, օպերատիվ բժշկական միջամտությունը երաշխավորված չէ»:
Միայն երկու տարվա ընթացքում սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված գրանցվել էր մահվան 38 դեպք: Ի դեպ, դիտորդական խումբը խոսել էր դրական փոփոխությունների մասին էլ, մասնավորապես՝ նշելով «Սեւան» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները:
Խմբի դիտարկումներով, մտահոգիչ է այն, որ օրենսդրորեն ամրագրված չէ կալանավորված անձանց՝ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների հիմքով պատժի հետագա կրումից ազատվելու իրավունքը: Անդրադառնալով հոգեկան խնդիրներ ունեցող դատապարտյալների հարցերին, արձանագրվել էր հետեւյալը. քրեակատարողական հիմնարկներից միայն «Դատապարտյալների հիվանդանոցն» ունի հոգեբուժական բաժանմունք, գործող հոգեբույժի հաստիք ունեն «Նուբարաշեն» ու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկները:
Հաշվետվության մեջ խոսք կար նաեւ խցերի կահ-կարասիի մասին: Գաղտնիք չէ, որ հիմնականում դատապարտյալների հարազատների միջոցներով են ապահովվում խցերը: «Վարդաշենի» խցերից մեկում կար հեռուստացույց, ջրատաքացուցիչ՝ «գեյզեր», վարագույր: Իսկ ահա «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ջեռուցման կենտրոնացված համակարգը ժանգոտած է եղել: Առանձին ուսումնասիրման նյութ էր դարձել մահճակալների թեման. անզեն աչքով տեսանելի է եղել, որ «Գորիսում» մահճակալները կարճ են: Խումբն իր այցելությունից հետո գրություն էր ուղարկել արդարադատության նախարարություն՝ կապված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մահճակալների հետ:
Ի դեպ, բացի դատապարտյալներից, քրեակատարողական հիմնարկներում խնդիրների առաջ են կանգնում նաեւ քննիչները, փաստաբանները: Խոսքը աթոռների անբավարար լինելու փաստերի մասին է, երբ քննչական գործողություն է կատարվում, եւ նախատեսված սենյակները հագեցված չեն դրանցով: Արդարադատության նախարարությունը խոստացել էր դիտորդներին՝ սենյակները բավարար քանակի կահույքով կահավորելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
Խումբն արձանագրել էր նաեւ, որ մեկ տարվա ընթացքում սննդի հետ կապված, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սննդակարգում ավելացել է մսի պահածո բաղադրիչը:
Մտահոգիչ է չափաբաժնի խնդիրը: Որեւէ փոփոխություն չի կատարվել կառավարության որոշման մեջ: Հաշվետու ժամանակաշրջանում ՔԿՀ-ներում օրական միջին չսնվողների քանակը կազմել է 359 մարդ: Այսինքն, միջինում ՔԿՀ-ներում գտնվող 3833 անձանց 9,4 տոկոսն ամեն օր հրաժարվում է սննդի օրական չափաբաժնից: Նկատենք, որ ամենաբարձր տոկոսը կազմում էր «Վարդաշենը», ուր պահվում են նախկինում ուժային կառույցներում, զինված ուժերում աշխատած, ծառայած դատապարտվածները: Ամենափոքր տոկոսը կազմում է «Գորիսը» եւ դա պայմանավորված էր վերջինի սննդի համեմատաբար լավ որակով:
Հանձնուքների հետ կապված էլ պարզվել էր, որ հաշվետու տարում մեկ հանձնուքի ընդհանուր արժեքը կազմել է 30 000-80 000 դրամ: Ամանորին հանձնուքի արժեքը ավելի բարձր է եղել, գերազանցել է անգամ 100 000 դրամը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
28.12.2017