Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է այն գերատեսչությունների «սեւ» ցուցակը, որոնք չեն պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին:
Այն գլխավորում է ՀՀ կառավարության աշխատակազմը (ՏԱ պատասխանատու՝ Ալեքսանդր Ղազարյան): 2017թ. հունվարի 27-ին կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ծառայողական մեքենաների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել: Աշխատակազմը չէր տրամադրել տեղեկություններ նաեւ մեկ այլ՝ 2017թ. նոյեմբերի 15-ի գրավոր հարցմանը: Կենտրոնը խնդրել էր տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունն է (ՏԱ պատասխանատու՝ Վարդան Նիկոյան):
2017թ. հունիսի 2-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ. հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տվել:
Եռյակում հաջորդը ՀՀ ֆինանսների նախարարությունն է (ՏԱ պատասխանատու՝ Լուսինե Մկրտչյան): 2017թ. հունիսի 2-ին էլեկտրոնային հարցմամբ դիմել էին նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ. հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տրամադրել:
ՏԱ ժամկետները խախտողների մեջ էին ՀՀ արդարադատության նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը: ՊՆ-ի հետ կապված նշենք, որ ԻԱԿ-ը 2017թ. հունվարի 27-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրել էր տեղեկություն տրամադրել զինծառայության վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 8 աշխատանքային օր անց:
Ռ. Մ.
28.12.2017