Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կարողանանք սիրել այն, ինչն ատում ենք, դա էլ կփրկի աշխարհը»

Դեկտեմբեր 29,2017 15:00

Ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր մրցույթի՝ Ֆլորենսի բիենալեում նկարիչ-դիզայներ Արման Նուռը, իր «Ճանճ» և «Ճանճ էվոլյուցիա» աշխատանքների շնորհիվ հաղթող է ճանաչվել և արժանացել Մեդիչիի Lorenzo IL Magnifico ոսկե մեդալին: Նա սիրով պատասխանեց մեր հարցերին:

-Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին:

– Որոշումը շատ վաղուց է կայացվել՝ մոտ 7 տարի առաջ: Ես 15 տարի ոչ մի մրցույթի չէի մասնակցում. տարբեր մրցույթների մասնակցելուց հետո որոշեցի, որ ոչ ոքի այլևս ապացուցելու բան չունեմ, այսուհետ ես միայն ստեղծագործում եմ և դատի չեմ դնում իմ աշխատանքները: Բայց Ֆլորենսի բիենալեն մնացել էր ինձ համար որպես անհաս փառքի ճամփա, չկայացած երազանք: Եվ 7 տարի առաջ ստեղծեցի մի աշխատանք` «Ճանճ»-ը, որը ստեղծվել էր հենց բիենալեին մասնակցելու համար: Բայց ամեն տարի մի ինչ-որ խոչընդոտ լինում էր, որպեսզի ես մասնակցեմ: Այս տարի վերջապես որոշեցի հաստատ մասնակցել բիենալեին, ներկայացրի հայտ և 2000-ից ավելի մասնակիցներից ընտրվել էին մոտ 400-ի աշխատանքները, որոնց մեջ կար նաև իմ «Ճանճ»-ը: Առհասարակ, միշտ սիրում եմ ինքս ինձ համար բարդություններ ստեղծել կյանքում, և հայտն ընդունելուց հետո որոշեցի ստեղծել նաև մեծ «Ճանճ էվոլյուցիա» աշխատանքը, ընդ որում՝ աշխատանքն ավարտել եմ վերջին օրը:

– Մասնակցելուց առաջ ի՞նչ տրամադրվածություն ունեիք. գնում էիք հաղթելո՞ւ, թե՞ «մասնակցությունն է կարևոր» սկզբունքով:

– Ես երբևէ չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են՝ կարևորը հաղթանակը չի, կարևորը մասնակցությունն է: Այդ խոսքերը պարզապես սրտին մխիթարանք են համարվում: Եթե գնում ես մրցույթի, ապա պետք է հաղթելու ակնկալիք ունենաս, պետք է վստահ լինես, որ հաղթելու ես, այլապես ինչո՞ւ ես գնում: Եթե դուրս ես գալիս պատերազմի, իսկ մրցույթը խաղաղ պատերազմ է, առանց վստահ լինելու, որ պետք է հաղթես, ապա ավելի լավ է՝ չգնաս:

– Իսկ դուք վստա՞հ էիք, որ հաղթելու եք:

– Ցանկացած մարդ, որ հարցնում էր՝ ինչ ակնկալիքով եմ գնում, ես ասում էի՝ գնում եմ ոսկե մեդալը բերելու: Երբ որ արդեն այնտեղ էի, վստահությունս մի փոքր ընկավ, որովհետև մրցակցությունն իրոք շատ էր. նախկին 100 մասնակցի փոխարեն՝ ներկա էին 400-ից ավելին: Կային այնպիսի նկարիչներ, որ երազել եմ գոնե իրենց աշխատանքը իրականում տեսնել: Նույնիսկ այդ մարդիկ, երբ որ ներս էին մտնում, բոլորը հավաքվում էին իրենց շուրջ՝ ստորագրություն վերցնելու: Եվ նման մարդկանց հետ պատերազմի դաշտ դուրս գալն իրոք փորձություն էր: Վստահությանս երկրորդ անկումը եղավ այն ժամանակ, երբ ինձ ասացին, որ այս մրցույթի պատմության մեջ ոչ մի անգամ փոքր երկիր չի մասնակցել և առավել ևս՝ չի հաղթել: Եվ մինչև ինձ՝ բոլոր հայ մասնակիցները չեն ներկայացել հենց Հայաստանի կողմից: Եվ պարզվեց նաև, որ հետխորհրդային ոչ մի պետություն այս մրցանակը չի շահել: Կար ևս մի խոչընդոտ, որն ինձ վախեցնում էր. դա այն էր, որ ժյուրիի անդամները մրցույթի 10 օրվա ընթացքում երբևէ չմոտեցան իմ աշխատանքին այն դեպքում, երբ նրանք շրջում էին ամբողջ բիենալեի տարածքում և երկար քննարկում բոլոր աշխատանքները: Սակայն այցելուներն ու մնացած մասնակիցներն այնքան ուշադրություն էին հատկացնում իմ աշխատանքին, որ դա, իհարկե, հույս էր ներշնչում: Մեր աշխատանքի մոտ միշտ մարդիկ կային հավաքված: Բոլոր մասնակիցները հենց առաջին օրից շնորհավորում էին ինձ ու վստահեցնում, որ հենց ես եմ հաղթողը լինելու:

– «Ճանճ»› և «Ճանճ էվոլյուցիա». ինչպե՞ս ծնվեց գաղափարը և ի՞նչ խորհուրդ ու ասելիք ունի այն:

– Ես շատ սերտ կապված եմ բնության հետ: Ծնվեցին իմ երեխաները, որոնք որ բնության հիպերսիրահարներ են: Իրենց համար բնության մեջ չկա մի բան, ինչը որ վատն է: Չկա մի միջատ, որը տհաճ է իրենց համար կամ կենդանի, որից վախենում կամ զզվում են: Եվ իրենց անվերջ սերը ինձ ոգեշնչեց, որ կարելի է սիրել այն, ինչ բոլորն ատում են: Սիրել մերձավորին շատ հեշտ է, բայց կարողանալ սիրել այն, ինչը որ ատում ենք, դա հենց կփրկի աշխարհը: Ես որոշեցի գտնել այն կերպարը, որին բոլորն են ատում. ճանճը կա ամենուրեք, և գրեթե բոլորս էլ ատել ու ատում ենք նրան: Բայց նա նույնպես Աստծո էակ է, շնչավոր էակ, որը մի փոքր սիրո, հասկանալու և ուշադրության կարիք ունի: Ցանկացած մարդ ատել գիտի, սակայն ատելությունը առաջին հերթին վնասում է մեզ, հետո նոր ատելիին: Պետք է ինչ-որ ձևով հաղթահարել այդ ատելությունը և վերածել այն սիրո: Եվ այդ դեպքում կլինի ամբողջական ներդաշնակություն թե՛ շրջապատում և թե՛ մեր հոգում: Ցանկացած ատելի իր համար ամենալավն է, և եթե մենք մի պահ փորձենք դառնալ այն, ինչ որ ատում ենք, և մի պահ նայենք աշխարհին նրա աչքերով, ապա կհասկանանք նրան:

– Իսկ ինչպիսի՞ն է աշխարհը ճանճի աչքերով, ավելի լա՞վն է:

– Իր համար ամենալավն է: Եվ նրա աչքերով նայելով՝ կարող ես հասկանալ՝ ինչու է այդպես մտածում, ապրում, կարող ես տեսնել աշխարհը նրա տեսանկյունից: Հասկանալուց հետո, եթե անգամ չսիրես, գոնե չես ատի: Ճանճի միջոցով փորձեցի բերել այդ սերը աշխարհ, փորձեցի աշխարհին սովորեցնել նայել աշխարհին ատելիի աչքերով: Երկրորդ աշխատանքը, որը շարունակեց ճանճի կոնցեպցիան, «Ճանճ էվոլյուցիան» է: Բնության ցանկացած էակ էվոլյուցիա ապրելիս ավելի մեծանում է, ավելի ծանրակշիռ, ավելի խելացի է դառնում և սկսում է ստեղծել հարմարանքներ, որոնք կհեշտացնեն ու կպարզեցնեն կյանքը: Սակայն դա ունի նաև վատ ազդեցություն, որը կործանիչ է: Քանի որ մեծանալով մենք սկսում ենք չնկատել մանրուքները, ինչից կազմած է սերը, գեղեցկությունը, ներողամտությունը: Մենք սկսում ենք աշխարհը տեսնել ընդհանրացված, դրա պատճառով ագրեսիվանում ենք կյանքի նկատմամբ ու կորցնում ենք կապը բնության հետ: Եվ այս աշխատանքը կոչ է անում չկորցնել մանրուքները տեսնելու կարողությունը, այլապես կհայտնվեք փականի մեջ:

– Կարծես թե ճանճի գաղափարախոսությունը սիրվեց ու գնահատվեց. ցուցահանդեսներ նախատեսո՞ւմ եք:

– Անշուշտ: Հիմա դրանք իմ ցուցասրահում են ներկայացված, որից հետո ապրիլի կեսից կցուցադրվի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մինչև ամառվա սկիզբ: Ամռանը այն կսկսի իր ճանապարհորդությունը, քարոզաերթը ամբողջ աշխարհում: Ինչքան շատ երկիր այցելի, այնքան կհամարեմ, որ իմ առաքելությունը հասավ իր նպատակին: Մոտակա երկու տարվա ընթացքում ճանճը պետք է շրջագայի 74 երկրով, որից հետո կդրվի վաճառքի: Ես այն կվաճառեմ այն ժամանակ, երբ աշխարհը, մարդիկ կդառնան ավելի լավը: Եվ ես հույս ունեմ, որ այդ օրը կգա:

– Ունե՞ք մի աշխատանք, որն ամենից շատ եք սիրում ու այն ձեզ համար յուրահատուկ է:

– Ունեմ աշխատանքներ, որոնք երբևէ չեմ վաճառում: Իմ «Հանճարներ»-ի շարքը, որը մասնակցել է շատ ցուցահանդեսների ու շատ մրցանակներ ունի, երբեք այն վաճառքի չի դրվի և կլինի միշտ ինձ հետ: Մնացած ամեն ինչ պետք է հասանելի լինի մարդկանց, մանավանդ, եթե աշխատանքն իր մեջ կրում է գաղափարախոսություն, որը պետք է տարածել:

– Կա՞ ինչ-որ մեկը, ում համար ցանկանում եք աշխատանք պատրաստել, բայց նա այդպես էլ անհասանելի է թվում:

– Ես հիմա մի հավաքածու ունեմ, որտեղ ստեղծում եմ այն մարդկանց համար, ում հետ չեմ ապրել նույն ժամանակաշրջանում: Ինձ համար մեծ երջանկություն է այն, որ ես բոլորովին ազատ եմ ստեղծագործելու առումով, և նույնիսկ կարող եմ ստեղծել այն մարդկանց համար, ում չեմ էլ հանդիպել կյանքում:

– Մուսայի ճգնաժամ ասվածը հաճա՞խ է լինում ձեզ մոտ:

– Երբևէ չի եղել, բայց կարծում եմ, որ մի օր գալու է: Եվ երբ այն գա, ուրեմն արդեն ժամանակն է դասավանդելու, ապագա սերունդներին տալ այն, ինչ որ մինչև հիմա ձեռք եմ բերել:

– Նուռ, ասում են՝ ստեղծագործելու կարողությունը ի վերուստ է տրված, և ոչ բոլորին է հասու. ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է սովորել ստեղծագործել, թե՞, ինչպես ասում են՝ միջից եթե չկա, ուրեմն անհնար է:

– Ստեղծագործական միտքը և ստեղծագործելու ունակությունը տրված է բոլորին: Եթե մենք հավատում ենք Աստծուն, ապա մենք իրավունք չունենք ասելու, որ տրված չէ բոլորին: Աստված մարդուն ստեղծել է իր կերպարանքով ու ստեղծել է, այսինքն, եթե նա կարողացել է ստեղծել, ապա ստեղծել է ստեղծագործողի: Պարզապես երբեմն մարդկանց չի հերիքում համառությունը, աշխատասիրությունը ստեղծելու այն, ինչ մտածում է:

– Հայաստանում դիզայներական ոլորտում շատերն են կրթություն ստանում, սակայն բուհն ավարտելուց հետո զբաղվում են բոլորովին այլ գործով, և որպես ստեղծագործող չեն գտնում իրենց ուրույն տեղը: Ի վերջո, անհրաժե՞շտ է համալսարանական կրթությունը:

– Անշուշտ, անհրաժեշտ է: Եթե կա թեկուզ մի փոքր նշույլ, որ տվյալ մարդն ունի ապագա այդ ոլորտում, և ունի տաղանդ, ապա միանշանակ պետք է ստանալ համապատասխան կրթություն: Տառաճանաչ եթե չլինես, չես կարող գրել, եթե նոտաները չճանաչես, երաժշտություն չես կարող ստեղծել: Պետք է լավ հիմք դնել կրթությամբ, որպեսզի կարողանալ հետագայում ստեղծագործել:

– «Յոթ աղբյուր» ցայտաղբյուրն ունի 50 գաղտնիք: Գալիք տարում սպասե՞նք գաղտնիքի բացահայտման:

– Դեռ 2017-ին 3 գաղտնիք պետք է բացահայտվի: 2018-ին կբացահայտվի մյուս գաղտնիքը: Եվ այդպես 50 տարի կշարունակվի գաղտնիքների բացվելը:

-Պատվիրատու-ստեղծագործող կապը ինչպե՞ս է ստացվում:

– Հիմնականում զրույցի միջոցով, և ոչ միշտ է այդ զրույցի հետևանքով ստեղծվում մի ինչ-որ աշխատանք: Քանի որ որոշողը ես եմ, թե ում համար ստեղծել կամ ինչ ստեղծել, ապա միշտ չէ, որ ստացվում է:

– Ի՞նչը կարող է լինել պատվիրատուին մերժելու պատճառ:

– Պատվիրատուի բացվել չկարողանալը: Եվ եթե մի քանի փորձերից հետո պատվիրատուն չկարողանա ցույց տալ այն, ինչ նա կա իրականում, ապա չի ստացվի: Բոլոր մարդկանց մեջ կա մի բան, որ տարբերակում է մեկին մյուսից: Պետք է մարդու մեջ տեսնեմ այդ մի բանը, որ կարողանամ ստեղծագործել, այլապես աշխատանքներս բոլորը միանման կստացվեն:

– Դուք ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ արվեստն այսօր համաշխարհային մակարդակով միջնադար է ապրում, այսինքն՝ անկում: Ի՞նչն է պակասում այս գերզարգացած դարում, ե՞րբ կգա վերածնունդը:

– Հենց պատճառն այս գերզարգացած դարն է, որ ամեն ինչ շատ արագ է ստեղծվում: Շատ արագ պրոգրես ապրեցինք այն դեպքում, երբ մարդկությունը դեռ պատրաստ չէր դրան: Նախևառաջ պետք է հարմարվել ու ընտելանալ դրան: Բայց ամեն դեպքում գալիս է վերածնունդը: Ծնվում է նոր սերունդ, որը պատրաստ է նոր զարգացումների և նա սկսում է տանել դեպի վերածնունդ: Վերածնունդն անխուսափելի է, վաղ թե ուշ պետք է լինի, այդպիսին է մարդկության բնականոն պատմությունը:

-Նուռ, նուռ սիրո՞ւմ եք:

– Չեմ ուտում ընդհանրապես, որպես միրգ չեմ սիրում: Նուռ ինձ ասել են շատ փոքր տարիքում՝ նուռի դեր խաղալուց հետո, և արդեն շատ հասուն տարիքում որոշեցի, որ սա պետք է ընդունել, և բավական է պայքարել: Եթե այսքան տարի ինձ այդպես են կոչում, ուրեմն մի բան գիտեն: Եվ, վերջիվերջո, Նուռը դարձավ պաշտոնական անձնագրային ազգանուն, որը նաև կրում են իմ երեխաները:

 

Զրուցեց ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Լուսանկարը՝ Նուռի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031