Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական հրավառություն` Կամերային երաժշտության տանը

Դեկտեմբեր 29,2017 14:30

Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Գալա համերգ։ Առաջին անգամ մի բեմում էին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բոլոր խմբերը` Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլը` նախաձեռնությամբ կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանի։

Դրան օրեր անց հաջորդեց «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի տոնական ու տարվա ամփոփիչ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան)։ Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանն այս համերգին ներկայացրեց պրեմիերա` Երվանդ Երկանյանի «Մանկան Ամանորի երազը» կոնցերտը, որին սպասել էր ուղիղ մեկ տարի։ «Մեկ տարի առաջ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին խնդրեցի քանոն նվագարանի համար մի ստեղծագործություն գրել։ Եվ հուրախություն ինձ, ստացա երեք արժեքավոր ստեղծագործություն։

Առաջինը դա քանոնի մենանվագ է «Տաղ Աստվածածնա», որը նվագել եմ արդեն մի քանի անգամ՝ եկեղեցիներում։ Երկրորդը` «Էլեգիա» ստեղծագործությունը եւս բացառիկ է, առաջին անգամ քանոնը հնչեց երգեհոնի հետ (երգեհոնահար՝ Հարություն Թագվորյան)։ Արձագանքը շատ բուռն էր հատկապես օտարերկրացի երգեհոնահարների կողմից։ Ինչ վերաբերում է «Մանկան Ամանորի երազը» կոնցերտին, վերջինիս սիրահարվեցի առաջին իսկ նոտայից ու պատկերեցի իմ Ամանորի հեքիաթը։ Կոնցերտը երեք մասից է բաղկացած, որի յուրաքանչյուր մասը մի երազ է։ Երվանդ Երկանյանը կոնցերտը գրել է երկու քանոնի համար` դաշնամուրի նվագակցությամբ։ Բայց Սեդրակ Երկանյանի գործիքավորմամբ այն հնչեց «Տաղարանի» կազմով, քանոնի ու սանթուրի մենակատարմամբ (սանթուր՝ Քրիստինե Մնացականյան)։ Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանն անձամբ ներկա էր պրեմիերային, որը մեծ պատիվ էր ինձ համար ու շատ շնորհակալ եմ, որ հենց ինձ վստահվեց այս երեք մեծ կտավի ստեղծագործությունները ներկայացնել։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորին ամանորյա տոների կապակցությամբ, մաղթելով բարեկեցիկ ու հաջողակ տարի, սեր ու բարություն»,-ասաց Մարիաննա Գեւորգյանը։

Սեփ. լր.

Լուսանկարները տրամադրել է Մարիաննա Գեւորգյանը:

28.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031