Համոզված է ժողովրդական նվագարաններ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը:
– Պարոն Զաքարյան, ո՞րն է եղել Ձեր պատրաստած առաջին նվագարանը:
– Դառնություն է հիշեցնում, որովհետև պատրաստեցի ոչ համապատասխան գործիքներով՝ սղոց, խարտոց, ուրագ, նույնիսկ դանակ: Այդպես ամենասովորական կենցաղային գործիքներով պատրաստեցի թառ:
– Ինչպե՞ս ստացվեց Ձեր առաջին աշխատանքը:
– Շատ կոպիտ, անտաշ ու անճաշակ, բայց լարերը դնելուց հետո նվագեցի, հետաքրքիր ձայն լսեցի:
-Իսկ Դուք որևէ գործիք նվագե՞լ եք:
– Ես ինքս թառ եմ նվագել, մինչև բանակ զորակոչվելը, որից հետո այլևս չեմ նվագել:
– Ո՞ր գործիքը պատրաստելն է ավելի դժվար:
– Բոլոր գործիքներն էլ դժվար է պատրաստել: Վարպետը պետք է կարողանա ստեղծել նվագարանի ճիշտ հնչողությունը, հզորությունը, քնարականությունը, ինչն էլ բարդացնում է աշխատանքը: Ֆիզիկապես ավելի դժվար է թառ պատրաստելը, մեծ քոթուկը պետք է տաշել և դարձնել փոքր գործիք: Քանդակագործության սկզբունքով քանդակում ենք թառի իրանը: Ուդ պատրաստելիս ճշտության ապահովման հարցն է կարեւորվում:
– Այսօր ո՞ր նվագարանի պահանջարկն է ավելի մեծ:
– Այսօր հիմնականում պահանջարկ են ձեւավորում երաժշտական դպրոցների, ուսումնարանների տնօրենները, որովհետև գործիք չունենալու պատճառով երեխաները չեն ընդունվում երաժշտական դպրոցներ, այդիսկ պատճառով նրանք ուզում են ունենալ իրենց սեփական գործիքները, որպեսզի աշակերտները կարողանան սովորել:
– Ըստ Ձեզ՝ նոր սերնդի մոտ հետաքրքրության աճ կա՞ դեպի ժողովրդական նվագարանները:
– Ցավոք, հետընթաց եմ նկատում, երեխաները ընդունակ են, բայց ծնողները դժվարանում են գնել գործիքները: Հիմա միայն դուդուկն է մտել էստրադա և ամենապահանջվածն է ժողովրդական նվագարաններից:
Զրուցեց ԱՐՓԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
28.12.2017