Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Սարգսյան. «Սեղանի թենիսում առաջընթաց կա, բայց կարող ենք ավելին անել»

Դեկտեմբեր 28,2017 22:22

«Առաջընթաց կա: Պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, դեռ մի բան էլ ավելի, կատարել ենք: Ընթացիկ տարում մասնակցեցինք Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությանը, որտեղ մեր թենիսիստներից երկուսը 120 մասնակիցների պայքարում մտան 1/32 եզրափակիչ: Բայց պայքարը չշարունակեցին, որովհետեւ չէինք մտածում, թե նրանք այդպիսի հաճելի անակնկալ կմատուցեն մեզ եւ երկրորդ, նաեւ ֆինանսական սղության պատճառով ետդարձի տոմսերն արդեն գնել էինք: Մեր մեծահասակները եւ պատանիները տարվա ընթացքում մրցափորձ ձեռք բերելու նպատակով մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, ինչը դրական արդյունք տվել է:

Մասնավորապես, Բաթումում՝ մեր հայրենակից, աշխարհի չեմպիոն Սարգիս Սարխոյանի մրցանակների միջազգային խաղարկությունում, որին ուժեղագույն կազմերով մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Հունգարիան եւ Բուլղարիան, մեծահասակների մեջ Մեսրոպ Ղուկասյանը հաղթեց, իսկ Ռուբեն Գայբակյանը մրցանակակիր դարձավ: Այստեղ նույնպես մեր պատանիները գերազանցեցին իրենք՝ իրենց: Լավագույն եռյակը կազմեցին Ավետ Վասիլյանը, Կարեն Պապյանը եւ Էդգար Ռաֆայելյանը:

Հիմնական ուշադրությունը դարձնում ենք պատանիների վրա, որոնք բավականին ուժեղացել են: Եթե պետական աջակցության բյուջեն քիչ ավելի լիներ, լիարժեք կաշխատեինք նաեւ մեծերի հետ: Սակայն այդ բացը կարողանում ենք որոշ չափով լրացնել»,-Aravot.am-ին ասաց Ֆելիքս Սարգսյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, սեղանի թենիսը Հայաստանում ակտիվացել եւ մարզական արդյունքների առումով առաջընթաց է ապրել, սակայն նվազել է մասսայականությունը: «Մտահոգում է սեղանի թենիսով զբաղվել ցանկացող երեխաների նվազող քանակը: Հիմա հանրապետությունում մարզաձեւով զբաղվում է մոտավորապես ընդամենը 1200 հոգի: Առաջ այդ թիվը 3000-ից չէր իջնում: Պատճառներից մեկը նեղ աշխարհագրությունն է եւ պայմանների բացակայությունը: Երկրորդը, որ առնչվում է մարզական արդյունքներին, արտահոսքն է: Եվրոպական երկրները մեր մոտ վարպետության որոշակի աստիճանի հասած եւ հեռանկարային պատանիների ծնողներին լավ պայմաններով առաջարկներ են անում եւ պատրաստի կադրերին տանում են : Այդպես եղավ, օրինակ, Իզաբետա Աբրահամյանի դեպքում: Նրան տարան Մոսկվա եւ հիմա Իզաբետան իր տարիքում աշխարհի թիվ մեկ ռակետն է», – ասաց պարոն Սարգսյանը:

Ֆեդերացիայի նախագահը հարցի լուծման ճանապարհը գիտի: Պետք է սեղանի թենիսը տարածել մարզերում: Վերջին շրջանում կենտրոններ են բացվել Հրազդանում, Սեւանում, Վայքում, Կապանում, Աշտարակում, հերթում Արմավիրն է: Փորձը ցույց է տալիս, որ մենք տաղանդավոր երեխաներ շատ ունենք, որոնց համար տեղերում մարզվելու եւ իրենց տաղանդը բացահայտելու հնարավորություն պետք է ստեղծել, ինչն էլ սեղանի թենիսի ֆեդերացիան անում է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031