ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին այսօր ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տալ ինքնավարության բարձր կարգավիճակ: «Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ նման հայտարարությունները հիմնազուրկ են եւ անհեթեթ: Ի՞նչ է նշանակում կարգավիճակ տալ, ինչպե՞ս կարող է մի պետություն մեկ այլ պետության տալ ինչ-որ բարձր կարգավիճակ: ԼՂՀ-ն փաստացի անկախ հանրապետություն է: Կա Մինսկի խումբ եւ երեք սկզբունքներ, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացումը»,-ընդգծեց նա:
Շարմազանովը կարծում է, որ այդպիսի հերթական հայտարարությունն Ադրբեջանի ներքին լսարանի սպառման համար է. «Նման հայտարարություններն իրականության հետ կապ չունեն: Հայաստանը դրա շուրջ չի բանակցում, այլ երկու կարեւոր հարցերի, որոնք նախագահը շեշտել է. առաջին, Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս, եւ երկրորդ՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար կարեւոր են: Այս երկու հարցում Արցախի եւ Հայաստանի կողմից փոխզիջման գնալու խնդիր չկա»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Վրաստան կատարած այցին, ԱԺ փոխնախագահը նկատեց. «Վրաստանը մեր բարեկամ երկին է, մենք եղբայր ժողովուրդներ ենք: Վրաստանն ու Հայաստանը տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեն, բայց դա եղբայրական հարաբերությունները զարգացնելուն չի խոչընդոտում: Չկա հարց, որը հնարավոր չէ լուծել հայ-վրացական բարձր բանակցությունների միջոցով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ