«Առավոտի» հարցերին պատասխանում է «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
-Այսօր տեղի ունեցավ Ժուռնալիստների միության համագումարը, եւ Միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ համագումարն անցավ ոչ այնքան կոռեկտ մթնոլորտում։
– Միանգամայն ենթադրելի էր, որ Ժուռնալիստների միության համագումարը պիտի անցներ հենց նման մթնոլորտում, որովհետեւ, եթե ինչ-որ մեկը փորձում է խախտել տարիների ճահճային անդորրը, դա մշտապես առաջացնում է կատաղի դիմադրություն։ Մեկ բան հստակ է՝ միայն այն, որ այդ միությանը որեւէ գործող լրագրող չի անդամակցում, դա արդեն հստակ գնահատական է այդ կառույցին։
Երբ ես երկար տարիներ զբաղվում էի ակտիվ լրագրությամբ, եւ վստահաբար, լրագրողական իմ ոճը Ժուռնալիստների միության ճաշակով չէր, այդ ժամանակ եւս, մեզանից որեւէ մեկի մտքով՝ ո՛չ իմ, ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Աննա Իսրայելյանի, ո՛չ Արմինե Օհանյանի եւ ընդհանրապես՝ լրագրողական օրակարգ ձեւավորվող որեւէ լրագրողի մտքով անգամ չէր անցնում անդամակցել այդ կառույցին։
– Կարծում եք հիմա Ժուռնալիստների միությունում լուրջ փոփոխություննե՞ր կլինեն։
– Վստահ եմ, որ կլինեն։ Չեն կարող չլինել։ Ավելին, այդ կառույցը պետք է հիմնահատակ քանդել եւ հիմքից կառուցել՝ ներգրավելով գործող, ակտիվ լրագրողների, ովքեր ժամանակի զարկերակը զգում են եւ կարող եւ լուրջ ու հետաքրքիր օրակարգ ձեւավորել։ Ես ինքս, որպես նախկին լրագրող, հիմա արդեն մեծ սիրով կանդամակցեմ Ժուռնալիստների Միությանը, որովհետեւ մի քանի գաղափար ունեմ, որ շատ կուզենայի քննարկել իմ գործընկեր լրագրողների հետ եւ լսել նրանց մասնագիտական կարծիքը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ