ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, 13.12.2017թ.-ին բնակարանային գողության մեջ մեղադրվող Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողները 22.11.2017թ.-ին Արարատի մարզի բնակարաններից գումարի և ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Այդ ընթացքում իր մոտ հայտնաբերվել են մի շարք իրեր, այդ թվում` 10.000 և 5.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ: Սակայն արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետև նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը ևս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:
Մյուս քրեական գործը հարուցվել է Սյունիքի մարզի բնակիչ Ա. Զ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 21.11.2017թ.-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցն իրեն տարել է Երևան, որտեղ ոստիկանության ստորաբաժանումներից մեկում մի քանի ոստիկաններ ահաբեկել են իրեն` ստիպելով ցուցմունք տալ, թե, իբր, ներկա է գտնվել 23.02.2017թ.-ին տեղի ունեցած` դիտավորությամբ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքին և տեսել է վերջինիս հարված հասցրած անձին: Հակառակ դեպքում ոստիկանները սպառնացել են իրեն և ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության ենթարկել:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն արգելել է իրավապահ մարմիններին դիմումներ գրել ՔԿՀ-ում կատարվող անօրինականությունների վերաբերյալ, փոխարենը թույլատրել է, որ խցակիցներն իրենց մոտ բջջային հեռախոսներ պահեն: Այդ հանգամանքը հաշվի առնելով` ձեռք են բերել 6 բջջային հեռախոսներ և ինտերնետի սարքավորում, սակայն նույն աշխատակիցը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, իրենց խցում խուզարկություն է կատարել և հայտնաբերել 2 բջջային հեռախոսներ, որի համար իրեն տեղափոխել են պատժախուց:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, որոնցով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով քննչական խմբի քննիչը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին Հ. Ա.-ի ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, վերջինս ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաև նկարագրել է հարվածող անձին:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական ծառայություն