Այսօր Aravot.am-ը Գյումրի եկած Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե արդարացվա՞ծ է 10 լավագույն մարզիկներ ընտրելու կարգը, երբ արդեն իսկ դժգոհություններ են հնչել թե՛ Արթուր Ալեքսանյանից, թե՛ Արսեն Ջուլֆալակյանից, որն ընտրության կարգն անվանել է «թյուրիմացական 10 լավագույն»։
Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ես անընդհատ նայելով, սպորտից հասկանալով, որ այն մարզիկը, որը կարողանում է հայ ազգի պատիվը բարձր պահել, դրոշը բարձրացնի, հիմնը հնչեցնի․․ Հիմա ասենք կան մարզիկներ, ովքեր աշխարհի չեմպիոններ են, մեդալակիրներ են, բայց էս տասը լավագույնի մեջ չկան, բայց էնքան բամբասում էին Ծառուկյանին, որ Ծառուկյանն ասեց՝ հարգելի ժողովուրդ, դուք ընտրեք։ Ես ասեցի, որ 27-դ էլ իմ համար «10 լավագույն եք», ձեր ցավը տանեմ, բայց անընդհատ Ծառուկյանից․․․ Ճիշտ հասկացեք, իմ սրտով էլ չէր, հիմա կա սպորտաձև, որ ասենք աշխարհի չեմպիոնի հետ համեմատելու չէ, բայց հիմա մեր ժողովուրդն է, էդ էլ եք դնո՞ւմ Ծառուկյանի վրեն։ Ուրեմն հարց չկա, թողեն նորից մենք մեր լրագրողներով լիարժեք էսքան ժամանակ արել ենք, որևէ տառ ու բառ եղե՞լ է, չի եղել, բայց ասում են՝ թողեք ժողովուրդը ընտրի։
Ասի՝ ձեր ցավն էլ տանեմ, թող ժողովուրդը ընտրի, բայց իմ խոսքի մեջ ասի՝ իմ համար հաճելի չէ, որ էսօր Գոռն այդտեղ չէ, Անդրանիկը այնտեղ չէ, Աշոտն այնտեղ չէ, Միհրանն այնտեղ չէ, Արսենն այնտեղ չէ, բայց, համենայնդեպս, ժողովուրդն է ընտրել։ Ես ասի՝ 27-դ էլ իմ համար 10 լավագույն եք, ձեր ցավը տանեմ։ Այնքան են մեդալները շատացել, որ պատկերացրեք 61 ոսկի ենք բերել։ Դրա համար ասացի՝ 10 լավագույնը կարող ենք սարքել 20 լավագույն, քանի որ գիտեք էսօր բոլոր սպորտաձևերում մենք ունենում ենք լավագույններ, ես չեմ ուզում որևիցե մեկին նեղացրած լինեմ, բայց դա Ծառուկյանից կախված չէ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ