Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2018 թվականին ՀՀ կառավարությունն ավելի խիստ ռեժիմով է աշխատելու. Վարչապետ

Դեկտեմբեր 28,2017 15:55

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար. «Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն է: Հունվարի առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու և ներկայացնելու ենք հանրությանը, թե ինչ ենք արել:  Հաջորդ 15 օրերին բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսելու ենք 2018 թվականի անելիքները»,- ասել է  Կարեն Կարապետյանը: Նիստի վերջում վարչապետը նշել է, որ 2018 թվականին կառավարությունն ավելի խիստ ռեժիմով է աշխատելու:

Կկատարելագործվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը

Կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների» հայեցակարգին, որի  նպատակն է ապահովել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների և շահագրգիռ մարմինների հետ փոխշահավետ քննարկումների բնականոն ընթացքը: Մասնավորապես, ներկայացված են հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում ներկայում իրականացվող կարգավորման քաղաքականությունը, աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման, մասնագետների որակավորման ու աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ իրականացվող որակի հսկողության գործընթացները: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում բարեփոխումների առաջարկվող ուղղություններին՝ հաշվի առնելով ներկայում ընդունված միջազգային լավագույն փորձը, առաջարկվում է ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույց-հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Հայեցակարգով առաջարկվում է ճշգրտել նաև պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ ներկայում գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերությունների ներգրավմանը:    Արդյունքում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

Գործադիրն ընդունել է «ՀՀ 2018 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված  է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջով, ըստ  որի տվյալ տարվա պետբյուջեի  մասին օրենքն  ուժի մեջ  մտնելուց  հետո 45  օրվա ընթացքում  ՀՀ կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական  բյուջեի  կատարման եռամսյակային համամասնությունները և այդ օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է սահմանել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, հաստատել պետության  կարիքների  համար 2018 թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը, ինչպես նաև օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:

Աջակցություն են  ստանում  հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշմամբ «Դատա քյուբ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԱՄՆ, Անգլիա, Կիպրոս, Լատվիա, Վրաստան, Իսրայել, հետագայում նաև՝ ԵԱՏՄ անդամ-երկրներ։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` մոտ 200 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ 60-ից ավելի:

Մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Շատո-Առնո» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղում վերսկսել ընկերության 2-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, որտեղ զբաղվելու է ալկոհոլային խմիչքների (կոնյակ և գինի) արտադրությամբ։ Այդ նպատակով նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 76,1 մլն ՀՀ դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաև «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերության նպատակն է հիմնել և զբաղվել հանրային սննդի գործունեությամբ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 602,2 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից մոտ 23,9 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 80 աշխատատեղ` 190 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Բավարարվել է «Գոֆրոլայն» ՍՊԸ-ի  ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծալքավոր ստվարաթղթի արտադրության համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում՝ ստեղծելով 10 նոր աշխատատեղ։ Արտադրանքի ծավալները կկազմեն 250 մլն ՀՀ դրամ, որը հիմնականում կիրացվի ՀՀ տարածքում։

Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Էլբատ» ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքն օգտագործելու է մարտկոցների և կուտակիչների արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 14 550 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Նախատեսվում է ստեղծել 78 նոր աշխատատեղ՝ մոտ 198 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն 1,5 մլրդ ՀՀ դրամ, որից 1 050 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 375 000 000 ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, 75 000 000 ՀՀ դրամը՝ երրորդ երկրներում։

«Պակ Պեն» ՍՊԸ-ն ևս կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Գործադիրը հավանություն է տվել «ԱրմՀոլդինգ» ՓԲԸ արտահանման 2018-2021 թթ. ծրագրին և սահմանել ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը: Արդյունքում կիրականացվեն ներդրումներ և կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Օրենսդրական նախաձեռնություններ

 Առավել արդյունավետ պայքար՝ ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքար մղել ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ փոփոխություններն ուղղված են վարչական ռեսուրսի չարաշահման ու հարկադրանքով քվեարկելու դեպքերը կանխելուն: «Մասնավորապես, ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ում պարագայում մենք մտցնում ենք նախընտրական քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներ: Եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, այժմ անդրադարձ ենք կատարում առողջապահական և բժշկական կազմակերպություններին, ուսումնական, նախադպրոցական հաստատություններին: Նաև ամրագրում ենք, որ ոչ թե իրենց լիազորություններն իրականացնելիս իրենք իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, այլև ի պաշտոնե գործելիս»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման սահմանափակումները տարածվում են նաև պետական ու համայնքային հիմնարկների աշխատակիցների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների, որտեղ պետությունը կամ համայնքն ունեն 20 տոկոսից ավելի մասնակցություն:

Հստակեցվել են ներման դրսևորումները

Հավանության է արժանացել «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Փաթեթով առաջարկվում է կարգավորել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, հստակեցվել են ներման դրսևորումները՝ սահմանելով, որ ներման շնորհման դեպքում հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով: Նախատեսվել է այլ անձանց կողմից ներման միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը: Ամրագրվել են ներման խնդրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և այլն:

Համապատասխան պատժամիջոցներ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար

Հավանություն է  տրվել  «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը: ՀՀ բնակավայրերում աղբահանության վճարների վերլուծությունների արդյունքներով առաջարկվում է  սահմանել նաև աղբահանության դրույքաչափի նվազագույն շեմը, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում: Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու և այլ դեպքերի համար:

Կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխանեցումը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում, մասնավորապես,  կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, կվերացվեն գործող օրենքում տեղ գտած թերությունները և անհստակությունները, իսկ դատարաններն իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակը կիրառելիս կառաջնորդվեն առավել օբյեկտիվ չափանիշներով:

Կապահովվի կրթության կայուն զարգացման առավել նպատակասլացությունն ու արդյունավետությունը

Հավանության է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը: Նախագծում նախատեսված են ռազմավարական մոտեցումներ, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակասլացություն և արդյունավետություն:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  վերաբերյալ:

Երիտասարդ մասնագետների համար ևս մեկ  բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի

 Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենք  շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով: Կազմակերպությունը ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1000 երիտասարդ մասնագետների ներկայացրած դիմումները՝ ՀՀ Նախագահը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

Գործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: ՀՀ  պետական կառավարման մարմիններում պետբյուջեի միջոցների հաշվին պաշտոնատար անձանց հատկացվող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերանայման արդյունքում  և պետբյուջեի ծախսերի օպտիմալացման ուղղությամբ վարվող քաղաքականության շրջանակում  առաջարկվում է մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել  Պետգույքի կառավարման վարչությանը՝ հետագայում դրանք օտարելու նպատակով:

Սևանում կստեղծվի ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ

Հավանության է արժանացել  «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակը պարկի արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է: Դրա հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ): Արդյունքում ակնկալվում է Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ, որը կդառնա այս տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարային տնտեսաճյուղ:

Գործադիրը հավանություն է տվել ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգի միջոցառումների ծրագրին: Ըստ հիմնավորման՝ ոռոգման ջրամատակարարման համակարգում մատակարարված ոռոգման ջրի հաշվառում իրականացնելու նպատակով ջրամատակարարման համակարգերն անհրաժեշտ է հագեցնել ժամանակակից ջրաչափական սարքերով: Ոռոգման ջրի մատակարարման և դրան հարակից ոլորտներում ներառված անձանց իրավահարաբերությունների օրենսդրորեն կարգավորման կիրառումը կնպաստի գերնորմատիվային տարածքներում նորմատիվ հասույթի փաստացի հավաքագրումը:

Սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի գնահատման միջոցով

ՀՀ պետբյուջեից համայնքներին տրվող սուբվենցիաների բարձրացման, ընթացակարգերի հստակեցման, տեղական բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման, ծրագրային բյուջետավորման սկզբունքներին համապատասխան պլանավորման հրամայականներով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի գնահատման միջոցով՝ բարձրացնելով պետական և տեղական բյուջեների ծախսերի արդյունավետությունը: Կսահմանվեն նաև արդյունքային վերահսկողության ցուցանիշներ յուրաքանչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը կդառնա ավելի թափանցիկ և վերահսկելի:  Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Վերջերս մարզպետների հետ հանդիպման ժամանակ մենք շատ հստակ ձևակերպել ենք, թե սեփական եկամուտներն ինչքանով պետք է աճեն, ձևակերպել ենք, որ սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսածածկվող: Մենք սուբսիդավորում էինք համայնքների բյուջեների երկու երրորդից ավելին ու նաև կային ֆինանսական կարգապահության հետ կապված այլ խնդիրներ: Այս պարագայում մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքն իր սեփական միջոցներից ու այն սուբսիդավորումից, որը մենք համահարթեցման ենք տալիս իրեն, կապիտալ, ֆունդամենտալ ծախսեր անի համայնքում և գնա բյուջետային ծրագրով, ապա մենք համայնքին լրացուցիչ գումար ենք տալու»: Վարչապետի խոսքով՝ այդ քայլով կառավարությունը 2018 թ. կարող է լուրջ արդյունքներ ստանալ, և այս առումով ակնկալվում է արմատական փոփոխություն և ակտիվություն:

Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզում ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշներին բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: ԿԿԹԿ ենթահամակարգի կայացման պարագայում, մասնավորապես՝  մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործությունը կնվազեցվի և կչեզոքացվի, բնակչության համար կապահովվեն հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ:

Կառավարությունը հավանություն է տվել  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվի ելքերի ուղղություններին: Համաձայն որոշման՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ները մինչև 31.01.2018թ. արտաբյուջետային հաշվին կփոխանցեն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվարկված լրացուցիչ շահույթի գումարները: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մինչև 30.12.2018թ. ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի արտաբյուջետային հաշվի ելքերի (ծախսերի) ուղղությունները և նախահաշիվները:

Կդյուրացվեն սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացները

ՀՀ-ում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների կանոկարգմամբ պայմանավորված՝ կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսվարողներին, եթե նախապես չգիտեն իրացնողին կամ իրացման ենթակա քանակությունը, յուրաքանչյուր խմբաքանակի համար  սպանդանոցից ստանալ ձև N 5 անասնաբուժական վկայականը, որտեղ հստակ նշված է սպանդի ենթարկված մթերքի կամ հումքի տվյալ խմբաքանակը: Այնուհետև իրացման կետերում հանձնման ժամանակ մատակարարի կողմից կլրացվի ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակը և կտրամադրվի իրացման կետին՝ նշելով յուրաքանչյուր կետին հանձնվող քանակությունը: Միաժամանակ պետական վերահսկողության արդյունքում ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակների տրամադրման միջոցով հնարավոր կլինի ապահովել սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման մթերքի կամ հունքի յուրաքանչյուր խմբաքանակի հետագծելիությունը: Այն կնպաստի հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների դյուրացմանը, հետագծելիությանը:

Սննդամթերք և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել արտահանման գործընթացի իրականացման համար պահանջվող փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս արտահանման սերտիֆիկատը տրամադրել ամենակարճ ժամկետում, առանց լրացուցիչ վարչարարության և ռիսկերի:  Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ կառավարության որդեգրած վարչարարության պարզեցման, ժամանակի կրճատման և ռիսկերի բացառմանն ուղղված քաղաքականության իրագործումը, տնտեսվարող սուբյեկտների համար խաղի կանոնների հստակեցումը, պարզեցումը և ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցումը:

Գործադիրն ընդունել է «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական պարտավորությունները ներելու մասին» որոշում: Ընկերությունը ներկայում գտնվում է լուծարման գործընթացում և ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշռում հաշվառված 3,787,460.0 ՀՀ դրամ դեբիտորական պարտքն առաջարկվում է ներել:

Կհիմնվի Հայաստանի տեխնոլոգիական համալսարան

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման  հայեցակարգին: Համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։ Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է։ Համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։

Կբարելավվի առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող տվյալների որակը

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետպատվերի կազմակերպման մեխանիզմների վերանայմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այն հնարավորություն կտա բարելավելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող տվյալների որակը, դեպքերի անհատական վարման և մշտադիտարկման գործընթացը, հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնությունն ու սպասարկումը: Այն կստեղծի առավել կանխատեսելի իրավիճակ, որի արդյունքում բնակչության բժշկական օգնությունն  ու սպասարկումն իրականացնելիս չեն առաջանա լրացուցիչ բեռ և խոչընդոտներ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված անձանց համար: Բացի այդ, կստեղծվեն ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աշխատանքների կազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմներ: Որոշմամբ առաջարկվում է ներդնել պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների համար ապահովագրական պայմանագրերի ձեռքբերման մեխանիզմներ: Նախատեսվում է նաև պետպատվերի կազմակերպման, ֆինանսավորման և մշտադիտարման մեխանիզմներում ներդնել և կիրառել էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները: Վերանայվել է նաև ուղեգրերի տրամադրման գործընթացը:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրին:   Համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։

Գործադիրը հավանություն է տվել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության  կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, որի նպատակն է պաշտպանել կանանց բռնության բոլոր ձևերից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունը, նպաստել նրանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանը և այլն: Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով սահմանվում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գերագույն հանձնակատարի միջոցներով կառուցված և ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող շենքերում տեղավորելու և այդ անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգերին: Արդյունքում՝ ՀՀ-ում  փախստական  ճանաչված  և ապաստան ստացած անձինք կապահովվեն  ժամանակավոր  կացարանով: Այդ նպատակով կառավարությունը  լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031