Օրերս գործունեությունն է սկսել «Մշակույթ» համահայկական հիմնադրամը, որի նպատակն է՝ աջակցել սոցիալական ծանր պայմաններում գտնվող մշակույթի գործիչներին: Այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն, «Երևանի գրողների միության» նախագահ Աբգար Ափինյանը: «Հիմնադրամը միայն գրողների համար չէ, այն պետք է աջակցի մշակույթի բոլոր ոլորտների ներկայացուցիչներին: Մշակույթի ոլորտում շատ չլուծված խնդիրներ կան, որոնք կապված են հատկապես սոցիալական հարցերի հետ: Եթե կարողանանք հայ արվեստագետի համար ապահովել նորմալ կյանք, մեր մեծագույն հաղթանակը կհամարենք: Գրողը պետք է հոնորար ստանա իր աշխատանքի համար, նման բան երբեւէ չի եղել»,-նկատեց Աբգար Ափինյանը:
Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի ստեղծման գաղափարը ծնվել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկումից. ի դեպ, ինքը նախարարն արդեն գումար է փոխանցել հիմնադրամին՝ իր 300 հազար դրամ աշխատավարձը: Ափինյանի փոխանցմամբ՝ հիմնադրամին աջակցել է նաեւ Սփյուռքի նախարարությունը, այլ կառույցներ եւս օգնել են՝ նվիրելով տասը համակարգիչ, դրամական փոխանցումներ են կատարել սփյուռքահայերը:
«Առաջիկա տարում ակնկալում ենք մեծ թվով աջակիցներ ունենալ: Կարեն Կարապետյանն էլ արդեն աջակցել է: Նախատեսում ենք Պարույր Սեւակի անվան մրցանակ շնորհել, որի հովանավորը վարչապետն է»,-հայտնեց Աբգար Ափինյանը:
Նա նաեւ նշեց, որ առաջիկայում հիմնադրամն անդրադառնալու է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի բնակարանային խնդրին. «Մենք կօգնենք նրան եւ կոչ ենք անում աջակցել: Իսկ բացի Խաչիկ Մանուկյանից, շատ գրողներ ու արվեստագետներ նյութական խնդիրներ ունեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի