Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ժուռնալիստների միության համագումարն էր եւ միության 40 տարվա նախագահ Աստղիկ Գեւորգյանը, որը պաշտոնավարում էր 1977-ից հրաժեշտ տվեց միությանը: Ընտրվեց նոր նախագահ՝ Սաթիկ Սեյրանյանը:
Համագումարն անցավ վիճաբանությունների մթնոլորտում: Խառնաշփոթի մեջ Աստղիկ Գեւորգյանն առաջարկեց, որ համագումարը նախագահի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Նա դեռ նոր էր բեմ բարձրացել, Լավրենտի Միրզոյանը նետեց, թե քեզ ո՞վ է ընտրել. «Եթե դահլիճում նստած ենք ու չգիտենք ձեզ քվեարկել ենք ու դուք էլ նախագահում եք, էդ ուրիշ բան: Դահլիճ, համաձա՞յն եք, որ պարոն Նաղաշ Մարտիրոսյանը լինի նախագահ»: Մարտիրոսյանը շարունակեց համագումարն անցկացնել՝ հրավիրելով վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացնելու: Լավրենտի Միրզոյանը ապշած էր. «Այ քեզ բան, եւ սա էլ համարվում է համագումար, այն էլ՝ լրագրողների՞»: Նաղաշ Մարտիրոսյանն արձագանքեց՝ ինչ լավ է, որ այստեղ մեր ուսանողներից չկան:
Ինչպես արդեն հայտնել ենք, միության անդամ Լավրենտի Միրզոյանը հայտարարեց, որ համագումարը օրենքի կոպիտ խախտումով է, ինքը սկզբունքային է եւ չի ուզում մասնակցել: Նա հեռացավ:
Նաղաշ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նոր սկիզբ է սա, այլեւս Ժուռնալիստների միության գործունեությունը նոր փուլ է մտնելու:
Երբ ներկայացվեց Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը՝ որպես միության նախագահ, դահլիճից մի երիտասարդ՝ Հարություն Ծատրյանը բողոքեց, ասելով, որ ինքն էլ ինքնառաջադրվում է: Պարզվեց, նա ԵՊՀ ասպիրանտ է, առաջադրվելու իրավունք չունի, ըստ կանոնադրության, քանի որ ընդամենը 3 տարի է, ինչ միության անդամ է: Սաթիկ Սեյրանյանը ներկայացրեց, թե ինչ է պատրաստվում ինքն անել, միության աշխատանքն ինչպես է պատկերացնում եւ այլն: Նրա ծրագրային դրույթները կներկայացնենք ավելի ուշ: Սաթիկ Սեյրանյանը խոստացավ, որ կաշխատի կառույցը հեղինակավոր դարձնել, քանի որ հիմա միությունը հումորային ակումբի պես է, տաքսու վարորդները եթե առաջ միության տեղը գիտեին, հիմա ոչ ոք չգիտի էլ, թե որտեղ է գործում միությունը եւ ինչ է անում:
Սաթիկ Սեյրանյանը ներկայացրեց վարչության կազմը, նրանց քվեարկությամբ ընդունեցին: Վարչության կազմում են Ռոլանդ Շառոյանը, Զավեն Խաչիկյանը, Արտյոմ Երկանյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Զառա Արամյանը, Մարիետա Մակարյանը:
Միության անդամները միաբերան ասում էին, թե ինչքան հետ է մնացել միությունը, մեկը նույնիսկ հեգնեց, թե ծննդյան օրերին շնորհավորական բացիկն անգամ փոստով են ուղարկում՝ ինչպես կոմունիստների ժամանակ, ստորագրում էին ու վերցնում, այս մարդիկ ոչ էլեկտրոնային փոստից են խաբար, ոչ էլ նոր տեխնոլոգիաներից:
Համագումարում 57 կողմ եւ 1 դեմ ձայնով Սաթիկ Սեյրանյանն ընտրվեց նախագահ, Հարություն Ծատրյանը ստացավ 0 ձայն:
Համագումարից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե այս մեռած կառույցին ինչո՞ւ էիք անդամագրվել, որ հետո դառնաք միության նախագահ ու փոխե՞ք՝ Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց. «Հակառակը ո՞րն է, ոչինչ չանե՞լ: Ես այսպես եմ մտածում, եթե ինչ-որ բան կարող եմ անել, ավելի լավ է անեմ: Ուրեմն ոչ մի բան այդպես չպիտի անենք, ասենք՝ սա փչացած է, սարքել չի լինի եւ այլն»:
Նա ասաց, որ իր համար անակնկալ չէր, որ համագումարը հենց այսպես պետք է անցնի. «Ես տասնյակ տարիներ ոչ միայն գործուն, ակտիվ լրագրող եմ, այլեւ խմբագրություն եմ ղեկավարում եւ մենք խմբագիրներով բազմիցս եւ սոցցանցերի տիրույթում եւ դրանից դուրս մշտապես հավաքվում ենք, քննարկում ենք մեր խնդիրները: Ցավոք, բոլորը լրագրողների միության անդամ չեն, բայց աշխատանքներ տանում էինք: Կույր պետք է լինեի՝ չտեսնեի դա»: Սաթիկ Սեյրանյանը մատնանշեց այն առաջնային խնդիրները, որոնք պատրաստվում է լուծել մեդիադաշտում՝ սկսած լրագրողների շահերը պաշտպանելուց, վերջացրած նրանց խրախուսելը:
Նա ասաց, որ նյութական գույքագրում պետք է անեն, ժուռնալիստների միությունը կարող է նույնիսկ բաժնետոմսեր գնել եւ ծառայեցնել միության նպատակներին. «Այսօր մի բան նկատեցի՝ անդամատոմսի վրա՝ հետեւի մասում գրված է՝ «խնդրում ենք ձեր աջակցությունը», ես չեմ ուզում, որ չորրորդ իշխանությունը ներկայացնող այս կարեւոր օղակը խնդրողի դերում լինի: Մենք պահանջ ներկայացնող ենք, մենք ազդեցություն ունեցող լծակ ենք»:
Հաշվի առնելով, թե համագումարն ինչպես անցավ, ինչ մթնոլորտում, մենք հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ հետագայում Սաթիկ Սեյրանյանը փաստի առաջ կանգնի, խոցելի լինի, ասեն՝ ինչ պայմաններում եք ընտրվել, դուք միության նախագահ չեք: Սաթիկ Սեյրանյանը համաձայնեց: Նա նույնիսկ չբացառեց, որ առաջիկայում նոր համագումար հրավիրի՝ նոր կանոնադրությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աստղիկի փոխարենն Սաթիկն է՝ հեչ վատ չի, շատ էլ սիրուն է: Շնորհավորում եմ: Բա Խդոյի տեղն ո՞վ է: Առանց փոխարինող չի լինի՝դա անհնար է: Է՜՜՜, Վարոն ու Խորենիչն էլ չկան: