Այսօր Ժուռնալիստների միության համագումարն էր եւ միության 40 տարվա նախագահ Աստղիկ Գեւորգյանը, որը պաշտոնավարում էր 1977-ից հրաժեշտ տվեց միությանը: Ընտրվեց նոր նախագահ՝ Սաթիկ Սեյրանյանը:
Թե ինչ մթնոլորտում անցավ համագումարը, ինչ վիճաբանություններով ու խառնաշփոթ միջավայրում, նույնիսկ բարդ է նկարագրել, տեսանյութերից ավելի պարզ կլինի:
Նախ, Աստղիկ Գեւորգյանն ասաց, որ արել է միության համար «ինչ հնարավոր է»: Նա մաղթեց, որ նորընտիր վարչությունը անի այն, ինչ իրենք չեն կարողացել անել:
Նա ասաց, որ առանց բամբասանքների, առանց խայթոցների մթնոլորտ է ստեղծվել ժուռնալիստների միությունում եւ դա ամենակարեւորն է: Աստղիկ Գեւորգյանը չընդունեց քննադատությունը, որ ժուռնալիստների միությունը բոլոր մյուս միություններից ամենապասիվն է եղել, ասաց, որ սկզբում իրենք էլ էին ակտիվ, ասուլիսներ էին կազմակերպում, վերապատրաստման կուրսեր անում, ԶԼՄ-ների մասին օրենսդրական դաշտի վրա աշխատում: Աստղիկ Գեւորգյան ասաց, որ հիմա ժամանակն է հանգստի անցնել: Նա առաջարկեց միության նոր նախագահի թեկնածուների քվեարկությունը կազմակերպել: Լավրենտի Միրզոյանը հակադարձեց, թե այս ի՞նչ համագումար է: Նախ` պետք է նորմալ 12-րդ համագումար հրավիրել, օրակարգ սահմանել. «Լրագրողները մի տեղ օրենքի խախտում են տեսնում, բարձրաձայնում են, ո՞նց կարող է այսպես…Վարչություն չկա, արդեն լսում ենք Աստղիկ Արսենովնայի հաշվետվությունը, մանդատ չունենք, հիմա պետք է ձե՞ռք բարձրացնենք՝ կողմ ենք, թե դեմ, կանոնադրություն պետք է պահվի»:
Ըստ նրա, հիմա ձեւի համար կարող են ասել՝ համագումար անցկացրեցինք, բայց որեւէ մեկը չի ասում՝ «ինչո՞ւ մենք մեր հարկի տակ չենք, Գրողների միությունում ենք, երբ Ժուռնալիստների միությանը 3 հատ շենք է տրամադրվել , այդ շենքը ո՞վ վաճառեց, արենդայով տվեցին, թե ինչ…»:
Միրզոյանը հորդորեց, որ օրինական համագումար անեն: Նրան չլսեցին, Միրզոյանն էլ բաճկոնը վերցրեց ու հայտարարեց, որ հեռանում է: Դահլիճը սկսեց աղմկել, ոչ ոք ոչ մեկին չէր լսում, միջամտեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, նա առաջարկեց միության նոր նախագահ ընտրել արագ, քանի որ դահլիճը կարճ ժամանակով են վերցրել:
Հակոբ Մարտունին հայտարարեց. «Խոսում եք Հայաստանի ժուռնալիստների միության մասին, ականջները էլ մի երկարացրեք, այն այլեւս հանգուցյալ է 40 տարի, հողի տակ է, փտած է, չկա: Եկեք հենց հիմա առաջարկություն անենք, նոր ժուռնալիստների միություն պետք է ստեղծվի, արտաշիրիմումը չի փրկի: Նոր միություն է անհրաժեշտ: Էլի ինչ մեկուկես ժամ, Լավրենտ հասկացի, դա մեռած ա, չկա այս միությունը, դեռեւս Գորբաչովի ժամանակ թաղվել է: Եթե մեկը կա, որ լավ լրագրող է, կազմակերպչական ջիղով, եկեք ընտրենք, ինչ եք բոհեմիստական բաներ անում: Բարի գիշեր, Կոնդի ղշեր»:
Մեկը տեղից բղավում էր, թե արագացրեք, ընտրենք գնանք, մյուսը գոռում էր, թե ամեն ինչ պետք է լինի օրենքով, կանոնադրությամբ, հերթով, կարգով, հիշում էր, որ 40 տարի է՝ համագումար չեն արել: Աստղիկ Գեւորգյանը հոգոց էր հանում, թե ինչ լավ է, այս ամենից հեռանում է: Մեկը հիշեց, որ հայտնի ժուռնալիստները երբ մեռնում են, թաղմանը 10 հոգի է գնում, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը միջամտեց, թե մեռելներից ինչի՞ եք խոսում, ձեզ կոռեկտ պահեք, ոչ ոք չի պատրաստվում մեռնել: Բոլորը բոլորի հետ վիճում էին, չկար բարձրախոս անգամ, որ բեմում խոսացող մարդուն լսեին: Իսկ բեմում ներկայացվում էր հաշվետվություն, թե այսքան դրամով վերապատրաստում ենք արել, այսքան դրամով գերազանցիկ ուսանողներին այս ենք արել եւ այլն: Դահլիճից գոռում էին՝ չենք լսում, ավարտի գնա:
Համագումար կոչվող այս «միջոցառման» մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անկազմակերպ կազմակերպություն . Էլ Ձեր գրածներին ոնց հավատանք