Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավարարեք միջնորդությունը, եւ դուք կդառնաք հերոս-դատավոր». «Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանը՝ դատավորին

Դեկտեմբեր 28,2017 14:14

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով դատական նիստի մեկնարկին այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց՝ կրկին վատացել է ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: «Ճնշումը կրկին բարձրացել է, եթե հարկ լինի՝ շտապօգնություն կկանչվի: Նա հայտնեց՝ դեմ չէ, որ առանց իր մասնակցության նիստը կայանա»,-տեղեկացրեց Արտուշ Գաբրիելյանը:

Ապա Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն ընթերցեց Եղնուկյանի գրավոր միջնորդությունը, որով նա պահանջում է փոփոխել գործում առկա ապացույցների հետազոտման կարգը եւ սկզբում հարցաքննել իրեն, Մանվել Աթոյանին, Խաչատուր Գիչյանին եւ Վարդգես Գեւորգյանին, քանի որ իրենք մեղադրվում են «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Ըստ Եղնուկյանի՝ եթե հարցաքննությունն այդ կարգով սահմանվի, գուցե իրենց խափանման միջոց կալանքը վերջապես փոխվի:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը, դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ասաց. «Բավարարեք նրա միջնորդությունը, եւ դուք կդառնաք հերոս-դատավոր, նոր տարին էլ լավ կնշենք»: Արտուշ Գաբրիելյանը, սակայն, հայտարարեց՝ այս պահին այդ միջնորդությունը ենթակա է մերժման, սակայն առաջիկա դատավարական փուլերում եւս այն հնարավոր է ներկայացնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031