Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած է այն փաստից, որ օրերս Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այն բանաձեւին, որով ԱՄՆ-ին կոչ է արվում հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: «Հայաստանը կողմ քվեարկեց այն դեպքում, երբ ընդհանրապես այդ գործընթացում չկա: Լսե՞լ եք, որ 25 տարում Հայաստանն ինչ-որ կարծիք ասի իսրայելապաղեստինյան հակամարտության առնչությամբ: Այնքան խճճված է այդ հարցը, որ կողմերը գլուխ չեն հանում, որ մնաց՝ մենք դիրքորոշում չցուցաբերենք»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն առհասարակ չպետք է մասնակցեր այդ քվեարկությանը, ինչպես Վրաստանը, Ուկրաինան, Չեխիան, Լատվիան, որոնք աշխատում են ԵՄ-ի հետ եւ աջակցություն ստանում. «Հայաստանը պետք է հետեւեր նրանց օրինակին: Մի մոռացեք, որ ՀՀ-ին աջակցում են միայն ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան: Փաստորեն, մեզ աջակցում են, մենք էլ քվեարկում ենք նրանց դեմ: ՀՀ-ի համար այդ քվեարկությունը հետեւանքներ կունենա»:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ հարցը լուծում շուտ չի սպասվում՝ Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության պատճառով. «Դրական է այն փաստը, որ նախագահների ժնեւյան հանդիպումից հետո ավելի քիչ են կրակում: Եթե այս կերպ շարունակվի, գուցե կես տարուց հնարավորություն կունենանք վերականգնել բանակցային գործընթացը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի