ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն օրերս ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ քննարկել Արցախյան հակամարտության հարցը, մասնավորապես՝ Իրանի հնարավոր մասնակցությունը հակամարտության կարգավորման ձեւաչափին: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արման Նավասարդյանը՝ նշելով, որ իրանական կողմը շահագրգռված է:
«Ասացի, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է, բայց Աստված չանի՝ Մինսկի խմբի ձեւաչափը խախտվի այնպես, որ թուրքերը քիթները մտցնեն, ինչը փորձում են անել 25 տարի: Դա լավ արդյունքի չի բերի: Նրանք համաձայնեցին»,-ասաց Նավասարդյանը:
Դառնալով հակամարտության կարգավորմանը՝ նա նկատեց՝ Արցախի խնդիրն այն բացառիկ կետն է, որի շուրջ համաձայնություն կա Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ:
Դիվանագետին, սակայն, չի գոհացնում այն փաստը, որ օրերս Հայաստանը, ի թիվս այլ երկրների, կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այն բանաձեւին, որով ԱՄՆ-ին կոչ է արվում հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: Այսինքն, ՀՀ-ն ԱՄՆ-ի դեմ է քվեարկել, ինչպես եւ Թուրքիան:
Արման Նավասարդյանը շեշտեց. «Եթե սրանից հետո հանկարծ ԱՄՆ-ն քանդի այդ կոնսենսուսը, ի՞նչ կլինի մեր հետ: Երբ հայտարարում ենք, որ իսրայելապաղեստինյան հարաբերությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, ապա ասեմ, որ դրանք փակուղում են: Հազար ու մի նոր իրողություն կա տարածաշրջանում: Կա դիվանագիտական հետեւյալ արտահոսքը. բացառված չէ, որ Պաղեստինը կհրաժարվի Երուսաղեմ մայրաքաղաքում իր պետության ստեղծման գաղափարից եւ դրա դիմաց նրան Հորդանանի աջ ափին կտրվի պետություն ստեղծելու հնարավորություն: Խոսվում է, որ պաղեստինցիները պետք է հրաժարվեն իրենց տրամադրության տակ գտնվող հողերից եւ տեղափոխվեն Սինայի թերակղզի: Եթե դա իսկապես կայանա, նշանակում է, որ ԱՄՆ-ն պաղեստինցիներին կվաճառի եգիպտացիներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ