Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է Իջեւան քաղաքի բնակիչ Ա. Մալաքյանի դատավարությունը: Նա մեղադրվում էր այն բանում, որ 2017թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 17-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծեծել է նրան, պատճառելով ֆիզիկական ցավ:
Ա. Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 100 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք: Ա. Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական նիստում տուժող կինը հայտարարել է, որ հաշտվել է Ա. Մալաքյանի հետ, նրանից որեւէ բողոք, պարտք ու պահանջ չունի, խնդրել է կարճել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը: Դեկտեմբերի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը որոշել է Ա. Մալաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը`տուժողի եւ ամբաստանյալի հաշտվելու հիմքով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ