Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին Կարեն Կարապետյանի հարցազրույցի թերևս ամենաուշագրավ դրվագն այն էր, որ Կարապետյանը, ըստ էության, առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում տնտեսության և բիզնեսի վրա: Այն, որ ցանկացած անորոշություն, առավել ևս պետության առաջին դեմքի մասով անորոշություն բացասաբար է ազդում և ոչ դրական սպասումներ է հաղորդում բիզնեսին, աքսիոմատիկ ճշմարտություն է, և Կարապետյանը բարձրաձայնում է հենց դա: Մյուս կողմից, սակայն, կոնկրետ իրավիճակը առաջացնում է կոնկրետ հարցեր:
Մասնավորապես, այդ ճշմարտությունն ազդարարելով հանդերձ, ի՞նչ է, ի վերջո, ուզում Կարեն Կարապետյանը: Նա ուզում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան հայտարարի և ցրի՞ անորոշությունը, այդպիսով նաև դրական ազդակներ փոխանցի բիզնեսին, թե՞ ուզում է պարզապես տնտեսական կյանքում հանրության համար շոշափելի առաջընթացի բացակայության համար պատասխանատվությունը դուրս գրել Սերժ Սարգսյանի ստեղծած անորոշության վրա: Ո՞րն է Կարեն Կարապետյանի նպատակը, հարցին փաստորեն առաջին անգամ անդրադառնալու իմաստը: Կարեն Կարապետյանն այդ մասին, օրինակ, ասե՞լ է Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ չի ասել, եթե չի ասել, իսկ եթե ասել է, ապա ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը:
Ընդ որում՝ այդ հարցերը ամենևին զուտ լրագրողական կամ հանրային հետաքրքրության ոլորտից չեն, որպեսզի պատասխաններն էլ դիտվեն զուտ այդ հետաքրքրությունը սպառելու միջոց: Այդ հարցերին պատասխանելով՝ Կարեն Կարապետյանը կարող է գոնե փոքր-ինչ ցրել անորոշությունն ու որոշակի ազդակներ հղել բիզնեսին: Մյուս կողմից՝ ինչո՞ւ է Կարապետյանն այդ հանգամանքը խոստովանում կամ բացահայտում հիմա, երբ կա շատ կոնկրետ տնտեսական իրողությունների համար պատասխան տալու անհրաժեշտություն, քանի որ 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հավաստիացումները, կարծես թե, այնքան էլ չեն դիմանում քննադատությանը, և տնտեսագետները բավականին դյուրությամբ ցույց են տալիս, որ աճի այդ ցուցանիշը ոչ այնքան կառավարության սպասվածից ավելի աշխատանքի արդյունքն է, այլ ավելի շատ ստացվել է բարենպաստ գործոնների բերումով, քանի որ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մասով, մեծ հաշվով, չկա որևէ սկզբունքային փոփոխություն, և դրա վկայությունն է նաև այն, որ հարցազրույցի տնտեսական մասում Կարեն Կարապետյանը գործնականում չի ասում ոչինչ, և այդ վակուումը լցնելու համար էլ ապահովվում է տնտեսական բլոկի նախարարների հոծ ներկայություն:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում