Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրբծննդյան տոնի խորհուրդը

Դեկտեմբեր 28,2017 10:31

Քանի որ մոտենում է Ամանորի եւ Սուրբ ծննդի ժամանակը, հիշենք համաշխարհային գրականության սուրբծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Չարլզ Դիքենսի վիպակը, որի հերոսը` Էբինեյզեր Սկրուջը, չի հասկանում, թե ինչու են մարդիկ Նոր տարվա օրերին ուրախանում, ինչու են իրար սիրում, ինչու են իրար օգնության ձեռք մեկնում: Եվ ահա սուրբծննդյան օրերին նրան հերթով այցելում են ուրվականները եւ փորձությունների միջոցով հիմնովին վերափոխում են այդ մռայլ, մարդատյաց անձնավորությանը:

Սա սուրբծննդյան հեքիաթ է՝ ստեղծված 19-րդ դարի կեսերին բոլոր ժամանակների լավագույն գրողներից մեկի կողմից: Ինչպես ցանկացած հեքիաթ` ունի իր խորքային իմաստը: Այն, ինչի վրա ուշադրություն չէիր դարձնում ամբողջ տարվա ընթացքում, նկատում ես, երբ գալիս է «ճշմարտության պահը»: Այն, ինչ չես հասցրել կամ զլացել ես անել ամբողջ տարվա ընթացքում, գոնե ծրագրում ես անել հաջորդ տարի: Ում որ ցավ ես պատճառել, ներողություն ես խնդրում: Ամբողջ տարվա ընթացքում վազվզել ես ինչ-որ պատրանքային «հաղթանակների», «հաջողությունների» հետեւից, բայց մի պահ սկսում ես մտածել՝ իսկ արդյո՞ք այդ ամենն ինձ իսկապես պետք էր: Ահա այդպիսի «հեքիաթային», կախարդական փոփոխություններ են կատարվում մարդկանց հետ Ամանորի շեմին:
Իրականում այդ հրաշքը մեր ձեռքն է եւ կախված է միայն մեզանից: Գալիս է չար միտքը եւ ցանկանում է «բնակություն հաստատել» մեր գլխում, մենք նրան քշում ենք եւ նրա փոխարեն «հրավիրում ենք» որեւէ դրական, պայծառ միտք: Արդյունքում «չարտոնված հյուրը» ստիպված է ձեզ լքել, որովհետեւ, ինչպես հայտնի է, մենք չենք կարող միաժամանակ երկու տարբեր բաների մասին մտածել:

Իսկ ի՞նչ անել, երբ ձեր շուրջն են «սավառնում» չարունախանձ մտքեր: Համացանցում, ինչպես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու, կարելի է դրանք պարզապես չկարդալ: Երբ նման մտքերը հնչեցնում են ականջիդ տակ, դրանք հնարավոր չէ չլսել, բայց կարելի է «տոն չտալ»: Ի վերջո, «բարձրաշխարհիկ զրույցն» անպայման չէ, որ կառուցվի որեւէ մեկին վատաբանելու, նրա մասին բամբասելու շուրջ: Փոխեք խոսակցության թեման, «խոսքը կտուրը գցեք», վերջապես՝ լռեք, մինչեւ ձեր զրուցակցի բացասական էներգիան չպարպվի: Նման պարզ գործողություններից հետո դուք կապրեք այլ աշխարհում: Այո, իրականում աշխարհը վերափոխելու մեջ ոչ մի բարդ բան չկա՝ պարզապես մենք ինքներս պետք է փոխվենք: Այնպես, ինչպես փոխվեց Էբինեյզեր Սկրուջը:

Նման բաների մասին արժե մտածել ցանկացած ժամանակ, ցանկացած օր: Բայց քրիստոնյա աշխարհում դրա մասին ընդունված է մտածել սուրբծննդյան տոների ժամանակ, երբ ծնվել է Նա, ով մեզ ցույց է տվել մեր ախտերից ազատվելու ճանապարհը:

 

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Քրիստոնէական առողջ մտածելակերպ;
    Չեմ կարծեր որ Լուսաւորիչ-Ներսէս Հայրապետ- Մեսրոպ Մաշտոց – Խրիմեան Հայրիկ կամ Վազգէն Ա Կաթողիկոս տարբեր բան պիտի գրէին եթէ մեր մէջ գտնուէին այսօր – Բարեբախտաբար անոնց հոգիին մօտիկ անձեր մնացեր են տակաւին մեր մէջ ; Օրհնեալ է Ծնունդ Քրիստոսի քանզի
    Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ -Ձեզի մեզի մեծ Աւետիս ;

  2. Լավատես says:

    Ինչպես օձի թույնը քիչ քանակով բուժիչ հատկություն ունի, այնպես էլ չարի մի հինգ տոկոսանոց գոյությունը նույնպես բարու համար կազդուրիչ ու բուժիչ հատկություն ունի՝ պայքարելով չարի դեմ բարին ուժեղանում է, հարստանում է եւ սեր ու արդարություն հաստատում, ուրիշ բան, եթե չարի ու բարու այդ հարաբերակցությունը խախտվում է՝ այդ ժամանակ սկսվում է աղքատություն, անարդարություն ու արտագաղթ, այնպես որ մաքուր թթվածին շնչելը՝ նույնն է թե միայն մաքուր բարին՝ նույնքան թունավոր է: Այդ օտար կրոնները մեզ մաքուր թթվածին են տալիս, իսկ չարի դեմ պայքարելու ոչ մի խորհուրդ չեն տալիս: Բոլորիս ցանկանում եմ չարի դեմ մեծագույն հաղթանակներ եւ դրա արդյունքում՝ մեծագույն բարիքներ: Չարի դեմ պայքարը մեզ համար պետք է լինի սովորական ամենօրյա կենսակերպ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031