ՀՀԿ-ականները չպետք է հրապարակավ պախարակեն
մի ՀՀԿ-ականի, որն ընդամենը օրենքով է աշխատել
Դեկտեմբերի 19-21-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը այս տարվա վերջինն էր ու առանձնացավ թե՛ ընթացքով, թե՛ բովանդակությամբ: «Ելք» խմբակցությունն օգտվում էր իր կանոնակարգային հնարավորությունից եւ քվեարկություններից առաջ 20-րոպեանոց ընդմիջում էր վերցնում: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համբերատար տրամադրում էր դրանք: Ընդամենը 10 նման ընդմիջում եղավ: Քաղաքագետներն ու վերլուծաբանները արդեն հասցրել են նկատել, որ Արա Բաբլոյանի նման պահվածքը այլակարծությունը կարեւորելու, ընդդիմությանը հարգելու, խորհրդարանական գործունեության մեջ ժողովրդավարությամբ առաջնորդվելու դրսեւորում էր: Սրանով կարող է սկիզբ դրվել մեզ այդքան պակասող հանդուրժողականությունը: Սակայն ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի կուսակցական որոշ գործընկերների պահվածքը մտահոգիչ է: Մասնավորաբար, Գալուստ Սահակյանի եւ Սամվել Նիկոյանի, որոնք Արա Բաբլոյանից առաջ նստել են ԱԺ նախագահի աթոռին: Երկուսն էլ հրապարակավ դժգոհեցին Արա Բաբլոյանից, Սամվել Նիկոյանն անգամ սպառնաց ԱԺ կանոնակարգը փոխելու եւ ընդդիմության՝ առանց այդ էլ նվազ լծակները էլ ավելի նվազեցնելու նախաձեռնությամբ հանդես գալ: Այ սա է մտահոգիչը: Ուրեմն մի հանրապետական՝ Արա Բաբլոյանը, ընդամենը օրենքին հավատարիմ աշխատում է, համբերատար լսում ընդդիմությանը, իսկ նրա կուսակցական ընկերները, որ ընդամենը 3 ժամ ավելի (ոչ արտաժամյա, այլ երեք ժամ ավելի) են մնացել ԱԺ շենքում, հրապարակավ դժգոհում են, թե Արա Բաբլոյանը վատ է աշխատում: Ուրեմն 22 օգնական-խորհրդական ունեցող Գալուստ Սահակյանը, որի «կառուցողական զենքեր», «ցմահ մահապատիժ», «երեխաները պարտավոր են մեծանալ» մտքերը վաղուց բոլորի «Պարապ վախտի խաղալիքն» են, լավ է աշխատում, իսկ ընդդիմությանը ձայն տվող Արա Բաբլոյանը՝ վա՞տ: Ուրեմն մարտի մեկի դեպքերի չբացահայտման պատասխանատվությունը կիսած Սամվել Նիկոյանը լավ է աշխատում, իսկ ընդդիմությանը ձայն տվող Արա Բաբլոյանը՝ վա՞տ:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ասաց, թե հնարավոր թանկացումը աղքատին չի վնասի, աղքատն ինքն է կամավոր հրաժարվում թանկ սննդից: Սրանով Հակոբ Հակոբյանը խոստովանեց, որ իր կուսակցության 22-ամյա կառավարումը բերել է նրան, որ քաղաքացին պետության վրա հույս չի դնում: Ուրեմն սա լավ աշխատանք է, իսկ ընդդիմությանը ձայն տալը՝ վա՞տ:
Այս նիստի վերջում անկեղծացավ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը՝ «Մեր ուզածը չըլա՞վ»: «Ըլավ»: Ուղղակի ընդդիմությունը լիարժեք իրացրեց իր օրինական իրավունքները: Արա Բաբլոյանը ոչ մեկին ոչ մի թթու խոսք չասաց՝ ի տարբերություն, ասենք, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի, ով առանց անուններ տալու ասաց՝ «մի երկու ոջիլի» համար չի կարողանում հնարավորինս արագ լքել աշխատավայրը: Ուրեմն վիրավորանքներով խոսելը լավ աշխատանք է, իսկ ընդդիմությանը հարգելը՝ վա՞տ:
Երբ Սյունիքի մարզպետը Սուրիկ Խաչատրյանն էր, մարզի գյուղերի ղեկավարները մարզ այցելած փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին խնդրել էին քայլեր ձեռնարկել գյուղերն ամայացումից փրկելու համար: Ոչ մի ՀՀԿ-ական բան չասաց, բան չարեց: Սուրիկ Խաչատրյանը շարունակեց պաշտոնավարել: Ուրեմն մի ողջ մարզի գյուղերն ամայացնելը լավ աշխատանք է, իսկ ընդդիմությանը ձայն տալը՝ վա՞տ: ՀՀԿ իշխանության տարիներին բազմաթիվ անգամներ տարբեր մարզերի բնակիչները փակել են Երեւան բերող մայրուղին, որ Երեւանից պաշտոնյա գա ու իրենց լսի: Մարզպետները շարունակել են պաշտոնավարել: Ուրեմն մարզի խնդիրները լուծելու համար պետբյուջեից աշխատավարձ ստացող եւ բան չանող մարզպետը լավ է աշխատում, իսկ ընդդիմությանը ձայն տվող ԱԺ նախագահը՝ վա՞տ:
Արա Բաբլոյանի պահվածքին որոշ ՀՀԿ-ականների արձագանքը հերթական անգամ բացահայտեց այն, ինչի մասին Հայաստանում խոսում են արդեն 20 տարի: Բազմաթիվ պատգամավորների համար ԱԺ շենքում լինելը անհարմար է, օրենսդիրները իրենց ֆիզիկապես վատ են զգում օրենսդիր իշխանության նստավայրում, ինչպես սպիտակ արջը՝ տաք եղանակին: Երբ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո առաջին անգամ մտավ Ազգային ժողով, ասաց՝ տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Ոչ մի ՀՀԿ-ական ծպտուն չհանեց, լռությամբ համաձայնեց: Անգամ նրանք, որ 22 տարի է՝ ԱԺ-ում են: Ուրեմն երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակի բերելը լավ աշխատանք է, իսկ ընդդիմությանը ձայն տալը՝ վա՞տ:
Լուրեր կան, թե 2018-ի ապրիլից, երբ դադարում են նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իշխանության վերին շերտերում վերադասավորումներ են լինելու: Շատ կուզեի, որ անկախ անձերից՝ վերադասավորումների արդյունքում արմատավորվեր այլակարծությունը կարեւորելու, ընդդիմությանը հարգելու, խորհրդարանական գործունեության մեջ ժողովրդավարությամբ առաջնորդվելու գործելաոճը: Որովհետեւ դիմացինին չլսողը շատ արագ դառնում է անսխալական, ինչպիսին է այսօրվա ՀՀԿ-ականների գերակշիռ մասը, իսկ դիմացինին լսողը մի քանի անգամ լսելուց հետո կսկսի մտածել լսածի մասին, հետո կարող է հետեւություններ անել, կարող է կիսել լսած կարծիքը, ու այդպես շարունակ: Այդպես Հայաստանը կդառնա խորհրդարանական երկիր ոչ միայն թղթի վրա: Բայց դրա համար նախ պետք է, որ ՀՀԿ-ականները հրապարակավ չպախարակեն մի ՀՀԿ-ականի, որն ընդամենը օրենքով է աշխատել:
Այս ամենի շուրջ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ ասաց. «Դա ընդունված մեթոդ է, եւ ոչ միայն Հայաստանում: Դա ձեւ է, որով փոքրամասնությունը ցույց է տալիս իր անհամաձայնությունը` առաջարկելով փոխել խաղի կանոնները: Նման բան եղել է տարբեր ժամանակներում: Կա հնարավորություն եւ իրավունք, որից օգտվում է ընդդիմադիր ուժը, քանի որ զուտ քվեարկությամբ ոչինչ չի փոխվի: Դա ուժային խաղեր չեն»: Լարիսա Ալավերդյանը կարծում է նաեւ, որ ԱԺ նախկին երկու նախագահները` Գալուստ Սահակյանը եւ Սամվել Նիկոյանը, պետք է որ ավելի կոռեկտ արտահայտվեին. «Բոլոր փոքր խմբակցությունների «աչքը ջուր է կտրել», որ մի անգամ քննարկվի ոչ թե գործողությունը, այլ դրանք ծնող պատճառները: Մի բան, որ ՀՀԿ-ն երբեք պատասխանատվություն չի վերցնում անելու: Ճիշտ կլիներ, որ ՀՀԿ-ն դասեր քաղեր, ոչ թե կոպիտ արտահայտություններ թույլ տար ընդդիմության եւ իրենց գործընկերոջ հասցեին: Զուտ հոգեբանորեն այդ կոպտությունը ցույց է տալիս ՀՀԿ-ի թուլությունը»: Մեր զրուցակիցն իսկապես խայտառակություն է որակում այն, որ ամեն տարեվերջին բերում են «խրձով օրենքներ, ու գաղտնին դառնում է ակնհայտ` ՀՀԿ-ն դրանք ընդունում է»:
Նկատեցինք` իշխող ՀՀԿ-ն Սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոսում էր ընդդիմության դերի բարձրացման, հանդուրժողականության մասին. այդ ամենը համահո՞ւնչ է այսօր հնչող ԱԺ կանոնակարգը փոխելու սպառնալիքներին, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Մինչեւ իշխանական կուսակցության մտածելակերպը չփոխվի, որեւէ մոդել չի բերելու այդ փոփոխությունները»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
27.12..2017