Առօրյան՝ Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) թիվ 1 տուն-ինտերնատում. տարեցներն ամուսնանում են, որոշներն էլ կեսկատակ-կեսլուրջ դժգոհում, որ կլուբ չունեն:
«Է՛հ, բալես, «կլուբ» չունենք»,- մեզ այսպես դիմավորեց Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչ Լաերտ պապը: 3-րդ տարին է, ինչ այս ծերանոցը պապի համար դարձել է տուն ու վայր: «Առավոտի» հետ զրույցում Լաերտ պապն անկեղծանում է. ասում է՝ «կործանումից» փրկվելու համար է եկել ծերանոց, այդ մասին չի տեղեկացրել նույնիսկ իր երեխաներին: Որդիների՝ տուն վերադառնալու խնդրանքներին պապը պատասխանել է. «Չէ, այ բալա, որ վերադառնամ, ե՛ւ ձեզ, ե՛ւ ինձ կկործանեմ»:
Ծերանոցի ամենատարեց բնակիչը Արշակ պապն է, նա 95 տարեկան է, արդեն 25 տարի բնակվում է այստեղ: Արշակ պապը հաշմանդամություն ունի, պատերազմի վետերան է: Այս տուն-ինտերնատում ամենաերիտասարդը 45-ամյա Նելլի Հակոբյանն է: Նա իր 80-ամյա մոր հետ է այս ծերանոցում բնակվում: Նելլին ասում է՝ հարազատներ ունի, քույր ու եղբայր: Բայց եղբայրը վաճառել է հայրական տունն ու մեկնել երկրից: Եղբոր այս գործարքի հետեւանքով, ինչպես Նելլին է պատմում, ինքն ու մայրը դարձել են անտուն: Նելլին տեսողության խնդիր ունի, չի տեսնում, եւ քանի որ մոր հետ գնալու տեղ չունեին, արդեն 5-րդ տարին է՝ հաստատվել են տուն-ինտերնատում:
Ծերանոցի բնակիչների ու հարեւանների մասին Նելլին ասում է. «Կան մարդիկ, որոնք նույնիսկ իրենց սեփական շորի հետ յոլա չեն գնում, բայց դե չի կարելի ամեն ինչից բողոքել: Մի հարեւանի պես ապրել է պետք, պետք չէ միշտ վատը տեսնել, այս մարդիկ անում են մեզ համար այն, ինչը չեն արել մեր սեփական հարազատներն ու երեխաները»:
Տուն-ինտերնատի բնակիչների մեծ մասն իրեն շատ լավ է զգում այստեղ. ասում են՝ հիմա ամեն ինչ լավ է:
Այս տուն-ինտերնատն ունի 250 բնակիչ, որոնցից 72-ը անկողնային են, հատուկ խնամքի կարիք ունեն, նրանց հատկացված է առանձին մասնաշենք, որի պահպանումը ֆինանսավորում է Քուվեյթի կառավարությունը:
Տուն-ինտերնատի տարեց բնակիչներն ասում են՝ փրկություն ենք գտել ծերանոցի պատերի ներքո. ոմանք էլ սենյակի մի հատվածում իրենց փոքրիկ անկյունն էին ստեղծել: Այստեղ կան նաեւ նոր սեր գտած ու ամուսնացած զույգեր:
Հոկտեմբերի 2-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ամուսնացել են երկու զույգ, նորապսակներին, ինչպես որ կարգն է, ծերանոցի ղեկավարությունը հատկացրել է առանձին սենյակներ, եւ ոչ միայն մեղրամսի համար. դրանք արդեն նրանց մշտական բնակության սենյակներն են: Նորապսակներից են Նվարդ տատն ու Հասրաթ պապը, միասին նույն սենյակում են ապրում, ամուսնացել են սեպտեմբերին: Նվարդ տատի սիրտը Հասրաթ պապը դժվարությամբ է գրավել: Նվարդ տատն ասում է՝ սկզբում լսել չի ցանկացել ամուսնության մասին, բայց, ի վերջո, Հասրաթ պապը Նվարդ տատի սիրտը շահել է: Աշնանային նորապսակներից են նաեւ Արաքսյան եւ Վոլոդյան: Վոլոդյան պատմում է, որ կինը 6 հոգու հետ ապրել է նույն սենյակում, որտեղ նրան վատ են վերաբերվել: Վոլոդյան ասում է՝ ասպետի պես փրկել է Արաքսյային՝ փախցրել է այդ վատ սենյակից, կարգվել են ու հիմա միասին են ապրում՝ ինչպես այր ու կին՝ մեկ մարմին:
Լաերտ պապի երազած կլուբն էլ կարծես թե իրականություն կդառնա, համենայնդեպս տնօրենն է խոստանում: Մեզ հետ զրույցում տուն-ինտերնատի տնօրե Վահան Զուրաբյանն ասաց, որ նպատակ ունեն վերանորոգել ծերանոցի հարակից ակումբը, ստեղծել բարեկարգ այգի, մեծահասակներին ապահովել աշխատանքով, որպեսզի նրանք էլ զբաղվեն ինչ-որ աշխատանքով եւ իրենց անպիտան չզգան:
ԹԻՆԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետ
2-րդ կուրս
«Առավոտ»
27.12..2017