«Արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում բանջարեղենի պահեստները հարմարեցված չեն երկարատեւ պահեստավորման համար: Խնդրահարույց է նաեւ ՔԿՀ-ների պահեստներում խոնավաչափի բացակայությունը, քանի որ հնարավոր չէ վերահսկել սննդի պահպանման պայմանները». այդ մասին իրենց տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ նշել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
2016-ի տարեկան հաշվետվությունը լույս է տեսել առանձին գրքույկով, «Իրավունք եւ քրեական արդարադատություն» ծրագրի շրջանակներում:
Անդրադառնալով ՔԿՀ-ներում սննդի պահեստավորման խնդրին, խումբն արձանագրել էր, որ թարմ բանջարեղեն հասկացություն իրականում գոյություն չունի: Թարմ բանջարեղենը ձմռանը թթվեցնում են եւ ճաշերը պատրաստում են թթու բանջարեղենից. «Համային խնդրից բացի, որոշ ՔԿՀ-ներում առկա է մեկ այլ խնդիր նույնպես. բանջարեղենը թթվեցվում եւ պահվում է ոչ հիգիենիկ պայմաններում: Օրինակ, «Գորիս» ՔԿՀ-ում օգտագործվում են մազութապատ հորեր»:
Մտահոգիչ է եղել հացի պահման պայմանները: Դիտորդական խմբի անդամների այցելություններից մեկի ժամանակ արձանագրվել էր դեպք, երբ «Դատապարտյալների հիվանդանոցում» հացն «ուղղակի գցած էր» հատակին:
Ռ. Մ.
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»
«Առավոտ»
27.12..2017