Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրիկյանը տանջվել է, սեւ տռճե է ծնվել, բայց մե՛րն է, խմենք մեր տռճեի կենացը». Պարույր Հայրիկյանի գրքի շնորհանդեսը. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 27,2017 23:50

Այսօր Գրողների միությունում Պարույր Հայրիկյանի «Ազատության ճանապարհի բանտերում. (Իմ բանտային հուշերից)» գրքի Բ հատորի շնորհանդեսն էր: Ներկա գրականագետները, գիրքն ընթերցողները գովեստի խոսքեր ասացին թե՛ Հայրիկյանի, թե՛ այս գրքի պատմական արժեք լինելու մասին:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց, որ միանշանակ, գիրքը պատմական լուրջ արժեք է եւ վաղվա սերունդները այս գրքի հատորներով պետք է իմանան պատմությունը, այդ տարիների հալածանքները, դժվարությունները:

Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ գրքին նայել է ե՛ւ ընթերցողի, ե՛ւ իրավաբանի աչքերով եւ կարեւորում է թե՛ որպես գրական գործ, թե՛ տվյալ շրջանի իրավակարգի ներկայացում. «Այս գործը ոչ միայն գրական, այլեւ գիտական ստեղծագործություն է, այն պետք է թարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով, որտեղ ուղղակի ցույց է տրվում ազատության ճանապարհը եւ այն, թե ինչպես հասնել այդ ազատությանը»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն ասաց, որ Հայրիկյանը իր ժամանակների մահապարտներից մեկն էր:

Նա նշեց, որ գիրքը սիրով է կարդացել . «Այսօր Հայաստանը առաջին տեղն է գրավում աշխարհում՝ մի քմ-ի վրա բանաստեղծների քանակով, բայց դաժան փաստը պետք է խոսի: Էնքան կան՝ գրում են, գրում են, մրցանակներ, գրքեր, ինչքան հեռու այդ բոլորից, այնքան լավ»:

Դավիթ Գասպարյանը Հայրիկյանին հարցրեց. «Սերունդների պայքարի գնով մենք հասանք անկախության ու հիմա Հայրիկյանին դաժան հարց ենք տալիս՝ գո՞հ եք այդ անկախությունից, ինչի համար էիք պայքարում, հասանք ինչի»:

Ավելի ուշ Հայրիկյանը արձագանքեց գրականագետին: Նա նախ ասաց. «Ես չեմ հավակնում բանաստեղծ կոչվել»: Ինչ վերաբերում է անկախությանը, նա ասաց. «Ինչպե՞ս կարող էր երկիրը լիներ այնպիսին, ինչպիսին մենք էինք երազում, երբ այդ երկրի ղեկավարները նրանք էին, ովքեր մեր դեմ պայքարում էին՝ անկախ Հայաստան երազելու համար: Բնական է, չի կարող այդ երկիրը լիներ այն երկիրը, որին մենք ձգտում էինք, բայց արդյոք պիտի թեւաթա՞փ լինենք»:

Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը միության կողմից նվիրեց Հայրիկյանին իր դիմանկարը: Թե ինչ է տվել անկախությունը մեզ, Ղազար Միրզոյանը իր պատասխանն ուներ. «Կինը 9 ամիս երեխա է կրում փորի մեջ, մտածում է, որ պետք է լինի գանգրահեր, թիկնեղ, բոյով, կապուտաչյա երեխա, ծնվում է սեւ տռճե-մռճե, բայց իրանն ա, ջիգյարն ա: Հիմա Հայրիկյանինն է, տանջվել է, սեւ տռճե-մռճե է ծնվել, բայց ոչինչ, կդզվի, զա տո մե՛րն է այդ անկախությունը, մեր ձեռքբերումն է: Խմենք տռճեի կենացը»:

Նա ասաց, որ Հայրիկյանը իր հերոսն է, ամեն սերունդ պետք է ունենա իր էտալոնը: Հայրիկյանը հակադարձեց, թե ինձ հերոս մի ասեք, կերպար ասեք: Միրզոյանն էլ չընդունեց, ըստ նրա, կերպար շատ կան. «Գրողների միությունից մի քիչ վերեւ դուրս գանք՝ 131 հատ կերպար կա»: Նա նկատի ուներ ԱԺ պատգամավորներին:

Իսկ պատգամավորներից շնորհանդեսին մասնակցում էր Էդմոն Մարուքյանը: Նա ասաց, որ գիրքը դեռ չի կարդացել, բայց առաջիկայում կկարդա:

Խաչիկ Մանուկյանը պատմեց, թե հատկապես որ տողերն էին գրքում առավել տպավորիչ: Նրա խոսքով՝ «Մենք մեր ազգի հերոսներին, մեր ազգի դավաճաններին ճիշտ չենք գնահատում: Կարծես ամեն ինչ խառնվել է իրար»: Ըստ նրա, այսօր ԱԺ-ից կարող են հոխորտալ, որ կարտոշկա կերեք, փոխարեն հայտարարելու, որ սիրելի ժողովուրդ ես այսօր անքուն մնացի, որ մտածեմ, թե ինչպես դու պիտի օգտվես սրանից-սրանից: Նա ասաց, որ դատական համակարգում եղել են դատավորներ, որոնք անգամ այն ժամանակ զգացել են Պարույր Հայրիկյանի դերը:

Ի դեպ, Հայրիկյանն ասաց, որ շատ պատահական է իմացել, որ այն դատավորը, որի մասին գրել է, որ իրեն ռեցիդիվիստ չի ճանաչել՝ Դանիելյանը, բնապահպան Կարինե Դանիելյանի հայրն է. «Գիրքն ինձ օգնում է նաեւ պատմության մեջ կայացած երեւույթներին նոր հայացքով նայել»:

Գրականագետ Արմեն Ավանեսյանն էլ ասաց, որ «ժամանակակից պատմագրության արժեք կա այս գրքում: Նա նշեց, որ հիմա մեր աչքի առաջ պատմությունը սրբագրվում է, իրողությունները այլ կերպ են ներկայացնում եւ այս գիրքը կարեւոր է նաեւ այդ առումով:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ առաջին գրքերը մակագրել եւ ուղարկելու է բանտ՝ քաղկալանավորներին, որոնք են, ըստ նրա, Շանթ Հարությունյանը, Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031