«2008 թ. նախագահական ընտրություններում պաշտպանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը քաջ տեղյակ էիք վերջինիս մոտեցմանը ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակին` տարածքների զիջում: Կո՞ղմ էիք այն ժամանակ եւ ինչ մոտեցում ունեք այս հարցում հիմա»,- ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսպիսի հարց է ուղղել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
Նա ուղիղ եթերում պատասխանելով հարցին՝ ասաց, որ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում Ղարաբաղի հարցի վերաբերյալ հատվածում տարածքների զիջման մասին խոսք չկար: Նա ասաց. «Երբ որ մենք ասում ենք փոխզիջում, ինչ է նկատի առնվում, ըստ էության, ՀՀ բոլոր իշխանությունները ասում են փոխզիջումային տարբերակը ընդունելի է, քննարկելի է, եկեք քննարկենք: Ես կարծում եմ, որ այն պահին, երբ Ադրբեջանը կցուցաբերի պատրաստակամություն, որ ինքը պատրաստ է քննարկել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման հարցը եւ պատրաստ է այդ հարցով գնալ կոնկրետ լուծումների, դա կփոխի իրավիճակը: Այսօրվա իրավիճակի բարդությունը նրանում է, որ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է քիչ չի, Սեւանը, Երեւանը, Զանգեզուրը ադրբեջանական հողեր են:
Սա, ըստ էության, անիմաստ է դարձնում նույնիսկ փոխզիջման մասին որեւէ խոսակցություն, որովհետեւ երբ մենք ինչ-որ մեկի հետ հարաբերվում ենք եւ նա մեզ ասում է՝ քեզ սպանելու եմ, քառատելու եմ, կտրտելու եմ, ընտանիքդ, ցեղդ վերացնելու եմ, մենք ասում ենք՝ պատրաստ եմ փոխզիջումային տարբերակի, ի՞նչը քննարկեն:
«Ելքի» նախընտրական ծրագրում հենց դա էր գրված, որ փոխզիջման մասին պատրաստ ենք քննարկել այն ժամանակ, երբ դրանք պատրաստ է նաեւ դիմացինը: Երբ որ դիմացինդ ի սկզբանե ասում է, ես ոչ մի փոխզիջման պատրաստ չեմ, դու ասում ես՝ եկեք փոխզիջենք, դա դառնում է թուլություն»:
Ըստ Փաշինյանի, վերջին տարիներին Ադրբեջանը առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել, նախկինում այսպիսի ռազմատենչ հայտարարություններ չեն եղել:
Օգտատերերը նաեւ հարցրել էին՝ Հրանտ Բագրատյանը շատ խելացի մարդ է, ինչու չեք միանում նրան, նաեւ հարց կար՝ Զարուհի Փոստանջանի մասին: Փաշինյանն ասաց, որ «մեզնից կախված առավելագույնն արել ենք, որ համագործակցությունը կայանա, բայց չի կայացել, մենք չենք կարող անընդհատ գնալ, ինչ-որ մարդկանց անընդհատ խնդրենք, որ համագործակցենք: Մենք մեր առաջարկները արել ենք ժամանակին, արձագանք չենք ստացել, եթե կլինեն իրենց կողմից առաջարկներ, կքննարկենք, մենք բաց ենք համագործակցության համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ