ՀՀԿ ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանը պնդում է իր՝ նախօրեին հայտնած տեսակետը, թե «Ելք» խմբակցության անդամները բացի փողոցի անվանափոխությունից որեւէ լուրջ առաջարկ չեն ներկայացրել:
«Իրենց ֆանտազիան ուրիշ բանի չի հերիքում, որ որեւէ լուրջ բան առաջարկեն, էդ է մակարդակները: Ես կարծում եմ, որ եթե մարդն ինքը որեւէ օգտակար բան չի անում, ապա պետք է այդ բացը փորձի լրացնել այլ բաներով, իրենց գոյությունը ցույց տալու համար»,- ասաց պարոն Թոքմաջյանը:
Մեր հարցին, այսինքն` արդյունավետ չե՞ք համարում նրանց աշխատանքը, կարծում եք՝ միայն քննադատությա՞մբ են զբաղվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քննադատություն չէ դա, դեմագոգիա է, քննադատությունը լինում է, երբ քննադատելու բան կա»:
Մեր հարցին, օրինակ` ավագանու նիստերին ՀՀԿ-ականների կողմից իրենց գործընկերների հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները, նրանց ոչ կոռեկտ պահվածքի մասին խոսելը քննադատություն չէ՞, պարոն Թոքմաջյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մտնել որեւէ մեկի պահվածքի մեջ, ես ինձ միշտ կոռեկտ եմ պահել բոլոր հարցերում, ուղղակի նրանց իրենց ցույց տալու առիթ էր պետք, իրենք իրենց ցույց տվեցին»:
Մեր հարցին, այսինքն, ձեր կարծիքով, ավագանու կազմում միայն ՀՀԿ անդամնե՞րն են աշխատում, լուրջ առաջարկներ ներկայացնում, ի պատասխան ասաց. «Ինչու եք այդ հարցն ինձ տալիս, չեմ ուզում այդ հարցն ինձ տաք, մի՛ տվեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ