Ռուսաստանը մտադիր է հունվարի 29-ին Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով բանակցություններ անցկացնել: Սակայն Սիրիայի ընդդիմադիր ուժերը հրաժարվում են մասնակցել բանակցություններին, նշելով որ Ռուսաստանը այլ շահեր է հետապնդում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից կազմակերպված Սոչիում անցկացվելիք բանակցությունները մեծ աջակցության են արժանացել Սիրիայի ժողովրդի կողմից և որ բանակցությունների նպատակն է ուղի հարթել ՄԱԿ-ի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար:
Սակայն Սիրիայի ապստամբները մերժում են բանակցություններ սկսելու մասին Ռուսաստանի այս նախաձեռնությունը, Մոսկվային մեղադրելով Ասադին աջակցելու և Սիրիայի կառավարության հանդեպ ճնշում չգործադրելու մեջ:
Երեքշաբթի օրը ապստամբների և ընդդիմության 40 խմբեր հայտարարել են, որ Ռուսաստանի այս նախաձեռնության նպատակը ՄԱԿ-ի նախաձեռնած խաղաղության բանակցություններին խոչընդոտելն է: Նրանց կողմից ստորագրված հաղորդագրությունում գրված է. «Մենք մերժում ենք այս նախաձեռնությունը և հաստատում ենք, որ Ռուսաստանը ագրեսոր է, որը Սիրիայի ժողովրդի հանդեպ պատերազմական հանցագործություններ է իրականացրել»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: