«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը չի ցանկանում մեկնաբանել Ծառուկյան դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, թե քանի որ «Ելքը» իր նախագահի թեկնածուի հարցով չի բանակցել Ծառուկյան դաշինքի հետ, հետևաբար դաշինքն այն քննարկելու հարց չունի։
Պարոն Գորգիսյանն ասաց, որ իրենք պաշտոնական ձեւով դիմել են դաշինքի ղեկավարին. «Երբ որոշումը հստակ լինի, մենք պաշտոնական պատասխան կստանանք, դեռեւս պաշտոնական պատասխան չենք ստացել, որեւէ կերպ չեմ ցանկանա մեկնաբանել Ուրիխանյանի ասածները»:
Պարոն Գորգիսյանի խոսքով, Ծառուկյան դաշինքը բազմամարդ է ու ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ. «Մենք գիտենք, որ վերջերս Նապոլեոն Ազիզյանը քվեարկեց, հետո պարզվեց, որ դաշինքի պաշտոնական դիրքորոշումը չէր, ու դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ, բազմամարդ խմբակցություններում նման բաներ պատահում են, ես չէի ցանկանա իրենց ներքին խոհանոց մտնել, երբ դաշինքը կունենա որոշում, կհրապարակեն, մեզ էլ տեղյակ կպահեն: Իրենց որոշումը իրենց որոշումն է, մենք առաջարկել ենք տարբերակ, բանակցությունների փուլը հիմա է, պարոն Ծառուկյանին ենք առաջարկել հանդիպել ու բանակցել, հասկանալ՝ ինչ հնարավոր տարբերակներ կան:
Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի առաջադրմանը, մենք, որպես խմբակցություն, գտնում ենք, որ նա առավելագույնս համապատասխանում է այդ պաշտոնին ու կարող է այդ պաշտոնում առավելագույն օգուտ բերել մեր երկրին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ