Այս պահին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:
Փաշինյանին մի քանի օգտատեր հարցրել են, թե ինչո՞ւ չեք անդրադառնում հայկական ֆուտբոլին, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին, վախենո՞ւմ եք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից:
Փաշինյանը պատասխանեց, որ համաձայն է, մեր ֆուտբոլը շատ տխուր վիճակում է. «Ֆուտբոլը ոչ միայն շատ կարեւոր է, այլեւ ֆուտբոլը ժամանակակից աշխարհում տնտեսության ճյուղ է, նույնիսկ մեգատնտեսության մաս է, որովհետեւ ֆուտբոլ ասելով՝ հասկանում ենք միլիարդների շրջանառություն, թիմեր կան, որոնց բյուջեն ՀՀ-ի տարեկան բյուջեից մեծ է: Բայց ո՞վ պետք է ֆուտբոլի շարժիչ ուժը լինի՝ երկրպագուները եւ ֆուտբոլի մեջ ներգրաված մյուս անձինք: Հայկական ֆուտբոլի երկրպագուները իրենք պետք է հարցեր դնեն, եթե մենք միջամտենք, կլինեն կարծիքներ, որ ֆուտբոլը փորձում են քաղաքականացնել, ֆուտբոլն ուզում են խառնել քաղաքականության հետ:
Ֆուտբոլի իրավիճակը շատ ծանր է, համաձայն եմ: Չեմ ընդունում այն տեսակետը, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից վախենում ենք, ով վախենում է, թող վախենա: Ով աջակցության կարիք ունի, որ ոչ միայն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, այլ ընդհանրապես ոչ մեկից չվախենա, մենք կարող ենք աջակցել: Ի՞նչ է նշանակում 21-րդ դարում վախենալ որեւէ մեկից, այն էլ՝ ընդամենը հասարակական կազմակերպության նախագահից, թեկուզ խոշոր գործարարից»:
Նա ասաց, որ չի բացառում, որ իրենք միջամտեն, բայց դա կլինի այն ժամանակ, երբ երկրպագուները դրա կարիքը կունենան, հանրությունը դրա պահանջը կունենա եւ շատ կոնկրետ կոչով կդիմեն իրենց. «Ֆուտբոլի վիճակը վատ է եւ դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին ֆեդերացիան՝ որպես կազմակերպություն, թիմերը, երկրպագուները, հետո պատգամավորները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ