Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման առանցքային հարցերի շուրջ փոխզիջում չի գտնվել: Այս մասին Interfax-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Հարցազրույցն ամբողջությամբ տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
«2017թ. հոկտեմբերին Ժնևում երկարատև ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ հայ-ադրբեջանական գագաթնաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը: Դրանում համաձայնության ձեռք բերվեց ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված հակամարտող կողմերի շփման գծում լարվածության թուլացմանը: Այդ կապակցությամբ համանախագահներն այս տարվա նոյեմբերին առանձին խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, իսկ դեկտեմբերին Վիեննայում կազմակերպել են նախարարների հանդիպում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Քննարկվել են կարգավորման առանցքային հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնության հասնել դեռ չի հաջողվել: Բացի այդ, քննարկվել են հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելուն ուղղված հնարավոր գործողություններ: Կողմերին են հանձնվել հստակ առաջարկներ՝ կապված ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ: Նախարարները պայմանավորվել են այս և ԼՂՀ այլ հարցերի շուրջ զրույցը շարունակել 2018թ. հունվարին՝ միջնորդների «եռյակի» մասնակցությամբ»,- ասել է Կարասինը:
Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում նախարարների սպասվող հանդիպումը, և շահագրգռված է դրա արդյունավետ ելքով: «Սատարում ենք Երևանի և Բաքվի ջանքերը՝ եղած աշխատանքների հիմքի վրա փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: Մեր կողմից Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ կշարունակենք միջնորդական գործունեությունը ձգձգվող հակամարտության լուծման համար»,- ասել է Կարասինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ