Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի խոստումը՝ Շիրակի դատախազին․ կփակվեն գլխացավանք դարձած գիշերային ակումբները

Դեկտեմբեր 27,2017 17:44

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը երկու տարբեր գրություններ էր հղել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որոնցից մեկը վերաբերում էր Գյումրու սառցակալած փողոցները պատշաճ չմաքրելուն, իսկ մյուսը մարդկանց քունն ու անդորրը խաթարող գիշերային ակումբների գործունեությունը վերահսկելի դարձնելուն։

Սառցակալած փողոցներին վերաբերող գրության մեջ Կարեն Գաբրիելյանը մատնանշել էր Գյումրու քաղաքապետարանի մոտ գտնվող Վարդանանց հրապարակը, որտեղից լրագրողներից մեկը տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով մեքենաների ստեղծած վթարավտանգ իրավիճակը։

Իսկ երկրորդ գրության մեջ դատախազը մատնանշել էր «Մարաքեշ» եւ նախկին «Աուռա», ներկայում` «Սթար» դիսկո ակումբները, որտեղ բազմաթիվ հանցագործություններ են կատարվում և որոնք 2 տարի շարունակ՝ ժամը 24։00-ից հետո գործել են ապօրինի՝ քաղաքապետարանի կողմից առանց աշխատելու թույլտվության։ Դատախազը պահանջել էր «ժամը 24։00-ից հետո փաստացի ապօրինի գործունեություն ծավալելու համար նշված հաստատություններին օրենքով սահմանված կարգով ենթարկել վարչական պատասխանատվության, միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետում դրանց հետագա գործունեության նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ»։

Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ստացե՞լ են արդյոք պատասխան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից։ Ի պատասխան՝ մեզ տրամադրվեց հետևյալ գրությունը․

«ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը ստացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատասխանները՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից նրան հասցեագրված գրությունների վերաբերյալ։

Գյումրի քաղաքի համայնքային ճանապարհների ձնամաքրման և բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու ուղղությամբ, գործուն միջոցներ ձեռնարկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը քննարկելու վերաբերյալ գրության կապակցությամբ նշվել է, որ չնայած փողոցները մաքրվել և մշակվել են աղ-ավազով, երեկոյան ջերմաստիճանի կտրուկ նվազման և քամու ուժգնացման պատճառով փողոցները սառցակալվել են: Իսկ համայնքի ունեցած տեխնիկական սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս քաղաքի ողջ տարածքը միաժամանակ մաքրել կամ մշակել աղ-ավազով: Տեղեկացվել է նաև, որ Գյումրի համայնքի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության համապատասխան ստորաբաժանումները, իրավասու պաշտոնատար անձինք խստագույնս զգուշացվել են իրենց պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, թերությունները ու բացթողումները վերացնելու համար և նրանց հանձնարարվել է գործուն միջոցառումներ իրականացնել հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու ուղղությամբ:

Երկրորդ գրության կապակցությամբ, որը վերաբերում էր ժամը 24։00-ից հետո ապօրինի գործունեություն ծավալող ժամանցի օբյեկտներին, որտեղ նաև հաճախ են իրավախախտման և հանցագործության դեպքեր արձանագրվել, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու, գործունեության ժամերի առումով նմանատիպ ակումբների աշխատանքն առավել կանոնակարգելու ուղղությամբ միջոցներ կիրառելուն, տեղեկացվել է, որ հարուցվել է վարչական վարույթ՝ գործի հանգամանքները պարզաբանելու և նշված օբյեկտներում գործունեության իրականացնող անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Տեղեկացվել է նաև, որ Գյումրու համայնքապետարանի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել՝ համայնքի տարածքում ժամը 24:00-ից հետո առանց համապատասխան թույլտվության գործող զվարճանքի օբյեկտները հայտնաբերելու, դրանց ապօրինի գործունեությունը դադարեցնելու, պատասխանատու անձանց նկատմամբ համապատասխան վարչարարական ներգործության միջոցներ կիրառելու համար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031