Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայր թատրոնի տնօրեն. «Այլեւս չի լինելու ոչ մի «յոլկա» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2017 17:27

Դեկտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, տնօրեն Վարդան Մկրտչյանը և բեմադրիչ Լիլի Էլբակյանը ներկայացրին «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլը: Նույն օրը նաեւ այդ ներկայացման պրեմիերան էր: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացման էր եկել իր զարմուհու` Մարտա Ղամբարյանի և փոքրիկ քանոնահար Մերի Մուսինյանի հետ:

«Սառցե սիրտը»  բեմադրության և վարկածի հեղինակը Լիլի Էլբակյանն է: Ներկայացման հիմքում Դիսնեյի հայտնի մուլտֆիլմի պատմությունն է` Անդերսենի հեքիաթի հիման վրա:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, թե չի հիշում որեւէ դեպք, որ մշակույթի նախարարը ներկա լինի մանկական ներկայացման պրեմիերայի: Նա հավելեց, որ այս ներկայացումը կատարված ներդրումներով ու թափված ջանքով չի տարբերվում մեծերի համար բեմադրված ներկայացումներից: «Իրականության մեջ պետք է փոխվի թատերական լեզվով ասած` «յոլկա անելու» մտայնությունը, այլեւս չի լինելու ոչ մի «յոլկա», պետք է շատ լուրջ մոտենանք մանկական ներկայացումներին` մեծ ներդրումներով»,-շեշտեց տնօրենը:

Մանրամասները` տեսանյութում:

Արմեն Էլբակյանն էլ մեջբերեց Ստանիսլավսկու խոսքերը, որ մեծերի համար պետք է լավ բեմադրել, իսկ փոքրերի համար` ավելի լավ: Նրա ձեւակերպմամբ, «Սառցե սիրտը» բարդ ներկայացում է, որը բեմադրվել է կարճ ժամկետում, օգտագործվել է վերականգնված թատրոնի ողջ տեխնիկական զինվածությունը: Նա նաեւ փաստեց, որ ինչպես Մայր, այնպես էլ օպերային թատրոնն ունեն համապատասխան մասնագետների կարիք, որոնք կարողանան աշխատել տեխնիկայի նորագույն դրսեւորումների պարագայում:

Արմեն Էլբակյանը նշեց, որ Լիլի Էլբակյանը ոչ թե իր, այլ տնօրենի հրավերով է ներկայացում բեմադրել Մայր թատրոնում: «Այս անգամ իմ գլխից «թռել» են»,- հումորով ասաց նա:

Վարդան Մկրտչյանի փաստմամբ` Մայր թատրոնը պատվախնդրորեն` 100 եւ ավելի տոկոսով կատարել է պետության կողմից իր առջեւ դրված պարտավորությունները, ունեցել է 4 պրեմիերա` «Արծվաբույնը», «Վերադառնում եմ, մոռացեք», «Մեծապատիվ մուրացկանները» եւ «Սառցե սիրտը»:

Անդրադարձ եղավ նաեւ 2018-ի ծրագրերին: Արմեն Էլբակյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բեմադրել «Հարսնացուն Հյուսիսից» պիեսը, որը նվիրված է Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի եւ հեղինակի` Ժորա Հարությունյանի հիշատակին:  «Նոր բեմադրություն` «Սասնա ծռերն» է իրականացնում երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը, հույս ունենք հրավիրել եւս մեկ ռեժիսորի, որը կիրականացնի Ֆիրդուսու «Ռոստամ եւ Սոհրաբը»,-հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլի Էլբակյանն էլ տեղեկացրեց, որ երբ ընտրում էր ռեժիսորի ուղին, հայրը հատուկ շեշտել էր. «Եթե կարողանաս հեքիաթ բեմադրել, ուրեմն ամեն ինչ էլ կբեմադրես»: Նա նաեւ նշեց, որ իր փոքրիկ դուստրն արդեն դիտել է մեկ ժամից ավելի տեւող գունեղ մանկական ներկայացումը եւ չի ձանձրացել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Վերբագիրը սխալ եք դրել, այն տպավորությունն է, որ այլևս մանկական չի բեմադրվելու: Իսկ գրական նյութին չեն ասւմվարկած, ասում են բեմական տարբերակ, կամ գրական հենք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031