Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազության նախկին ավագ դատախազը միջնորդի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք

Դեկտեմբեր 27,2017 17:11

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազը միջնորդի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այսպես, դեռևս 09.06.2012թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Սերգեյ Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերը նշված հանցագործությունը կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննությունից թաքնվելու հիմքով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը:

31.08.2017թ.-ին Խ. Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 24.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել Հայաստան: Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել  հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 25.11.2017թ.-ին նախկին ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է:

Խաչատուր Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031