Հոկտեմբերի 5-ին Մոսկվա քաղաքի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին, ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի սրահում իրեն բռնաբարել է:
Տաքսիստը ռուս կնոջը Բագրատաշենի սահմանային անցակետից Երեւան պետք է տեղափոխեր, սակայն Նոյեմբերյանի ոլորաններում կատարած գործողությունից հետո, նրան երեկոյան թողել է ճանապարհին:
Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 35-ամյա տաքսիստը բռնաբարության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ է, դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Բռնաբարության գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:
Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Ռուս կինը, որը Ֆեյսբուքի իր էջում բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ է հրապարակել որպես զբոսաշրջիկ Հայաստան, Վրաստան եւ այլ երկրներ իր կատարած ճանապարհորդություններից, քննչական գործողություններին մասնակցելուց հետո վերադարձել է Մոսկվա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ