Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես տարեսկիզբն սկսում ենք, այդպես էլ ավարտում ենք

Դեկտեմբեր 27,2017 16:06

Ամանորն այն բացառիկ տոներից մեկն է, որն աշխարհում ամենուր նշում են: Քրիստոնյայի համար ամանորն ունի երկու նշանակություն: Առաջինը` արտաքին տոնական ավանդույթն է, երկրորդը՝ հոգևոր խորհուրդը: Այդուհանդերձ, մեր երկրում մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նշում է ամանորի արտաքին կողմը, այսինքն` ամանորի հասկացությունն ընկալվում է տոնական սեղաններ գցելու, տարատեսակ ուտեստներ պատրաստելու երևույթի հետ: Սակայն շատ ավելի կարևոր է անդրադառնալ ներքին կողմին, հոգևոր նշանակությանը, հատկապես այդ ժամանակ սուրբծննդյան պահքի ընթացքն է և մոտալուտ Սուրբ Ծննդյան տոնը: Երբ պետք է այդ ընթացքում ավելի շատ մարդիկ անցկացնեն աղոթքով և պահեցողությամբ, մտածեն ապաշխարության, մեղքերից ձերբազատվելու մասին, անցած տարվա կյանքի ուղու արդյունքները գնահատելու և նորովի իմաստավորելու նորամուտ տարին, ընդհակառակը, մարդիկ ալկոհոլային խմիչքների ազդեցության ներքո են գտնվում, ոմանք էլ որկրամոլության մեղքի մեջ են թաթախվում:

Այս ամենն ակնհայտ փաստ է, թե տվյալ երկրի հասարակությունն ինչպիսի հոգևոր վիճակում է գտնվում: Սակայն առաքյալը նշում է. «Արդ, ուտեք, թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31): Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է` տարին երջանիկ կլինի քեզ համար ոչ թե այն ժամանակ, թե առաջին օրն ինչպես ես հարբեցողությամբ զբաղվելու, այլ եթե Աստծուն հաճելի գործես և՛ առաջին, և՛ ամեն օրը: Նա նշում է` եթե բարին ես արել, ապա օրը լավ է քեզ համար, իսկ եթե մեղք ես գործել, այդժամ չարիքն անբաժան է պատիժ ստանալուց: Եթե այդպես մտածես և ինքդ քեզ այդպես տրամադրես՝ ամեն օր աղոթքներ ու ողորմություններ կատարես, ապա ողջ տարին քեզ համար երջանիկ կլինի, բայց եթե չես ձգտում առաքինությանը, այլ ամիսների սկզբից և օրերի հաշվարկից ես հոգուդ համար ուրախություն ակնկալում, ապա քեզ համար որևէ բարի բան չի լինի: Արդ, յուրաքանչյուր ամանոր մարդու համար պիտի լինի Աստծուն ավելի մոտենալու տոն, որովհետև դա այն գլխավոր տոներից մեկն է, որ մարդուն հիշեցնում է, որ ժամանակի սլաքներն ամբողջական շրջապտույտ են կատարում, և իրար փոխարինող տարիները մի օր անձին կանգնեցնելու են Աստծո առաջ, երբ մարդը պատասխան պիտի տա Երկանավոր Հոր առջև, թե ինչպես է ապրել իր երկրային կյանքում:

Ամանորյա մաղթանքներից մեկն ասում է, թե ինչպես տարեսկիզբն սկսում ես, այդպես էլ ավարտում ես: Երբ մենք կենտրոնանում ենք նյութական արժեքների՝ այս դեպքում ուտել-խմելու վրա, և մեր գիտակցության մեջ ամանորը սերմանվում է որպես նյութական տոն, որը ոմանց համար դառնում է հարբեցողության և որկրամոլության տոն, նշանակում է, որ մենք մեր հույսն ու հավատը կապում են այս աշխարհի, այլ ոչ թե Աստծո հետ: Սակայն առաքյալն ասում է. «Ուտելիքը որովայնի և որովայնը ուտելիքի համար է։ Բայց Աստված և՛ այս, և՛ այն պիտի կործանի» (Ա Կորնթ. 6.13): Ոչ միայն պարզապես խոսքերից, այլև մեր գործերից պիտի նաև արտահայտվի, որ մենք հավատում ենք Աստծուն, այլ ոչ թե այս աշխարհին: Այդուհանդերձ, այս ամենը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մեծամասնությունն իր մաղթանքները, հույսերը կապում է այս աշխարհի, այլ ոչ թե Աստծո հետ: Իսկ Աստծուն հավատալը այդպիսի անհատին անհրաժեշտ է, որպեսզի իր նյութական, ժամանակավոր բաղձանքները սոսկ իրականություն դառնան: Այսպիսով, ով իր տարեսկիզբը սկսում է՝ հուսալով նյութական արժեքներին ու այս աշխարհին, այդպես էլ ընթանում է նրա տարին: Այս աշխարհը քայքայվում է, անցնում-գնում է և դրա տված ժամանակավոր արժեքները ոչ թե արդյունքում ուրախություն և երջանկություն են բերում, այլ ցավ ու տառապանք, քանի որ մի օր մարդն ի վերջո բաժանվում է այդ ամենից, և դա իր կամքից և ուժերից վեր իրողություն է:

Իսկ այդպիսի արդյունքը նրա հոգուն բերում է տառապանք և վիշտ, որովհետև իր կյանքի նպատակակետն ու կենտրոնացվածությունը ժամանակավոր արժեքներն են, որոնք ինքը որևիցե օր այլևս չի ունենալու: Հոգևոր մարդու համար այս տոնը գոհաբանության, տարին ամփոփելու, ինքնաանդրադարձ կատարելու, և կյանքն Աստծո հետ շարունակելու նոր տարվա տոն է: Այն Աստծուն դիմելու, Նրա օրհնությունը ստանալու գեղեցիկ տոն է: Այս առնչությամբ Սուրբ Գիրքն ասում է. «Տարվա պսակը պիտի օրհնվի քո քաղցրությամբ» (Սաղմ. 64.12): Հետևաբար, նախընտրելի է տարեսկիզբը դիմավորել եկեղեցում, որտեղ կատարվում է գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Երբ մենք տարեսկիզբը սկսում ենք Աստծու հետ՝ աղոթքով և ստանալով Երկնավոր Հոր օրհնությունը, այդպես էլ շարունակվում է տարվա ընթացքը, և ամեն քայլափոխի կարող ենք զգալ Երկնային Նախախնամության հոգածությունը, աջակցությունը և պահապան հրեշտակների օգնությունը դժվարությունների ու կյանքի մարտահրավերները հաղթահարելու հարցում: Սրբակյաց Վարսոնոֆի վարդապետ Օպտինսկին, խոսելով ամանորի մասին, նշում է, որ այս կյանքում ուրախությունն ու տառապանքը միահյուսված են միմյանց և ժամանակի ընթացքում այցելում են մեզ` միգուցե այս տարի, միգուցե այսօր, միգուցե մոտ ապագայում:

Պետք չէ վախենալ, նահանջել, ընկրկել այդ ամենից, որովհետև Ավետարանում Հիսուս ծննդաբերող կնոջ օրինակով ասում է. «Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլևս չի հիշում նեղությունը՝ ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնվեց» (Հովհ. 16.21): Ինչպես ցերեկը փոխարինում է գիշերին, պայծառ օրը` մռայլ եղանակին, այդպես էլ ուրախությունը փոխարինում է տառապանքին և այդպես շարունակ մեկը մյուսին փոխարինում են կյանքում: Այնպես որ, մեր կյանքը բաղկացած է և´ ուրախությունից, և´ տառապանքներից: Դրանք մեր կյանքը դարձնում են ամբողջական, իմաստալից: Ուրախությունը մեզ սովորեցնում է գոհաբանություն: Տառապանքը նույնպես դա է ուսուցանում, որ մտածենք մեր կատարած մեղավոր քայլերի, արարքների մասին, ապաշխարենք և հասկանանք ճշմարտությունը: Ոչինչ պատահական և անտեղի մեզ հետ չի լինում: Այդպիսին է կյանքը: Պետք է Աստծուց գոհություն հայտնել ամեն ինչի համար: Արդ, տարեմուտը սկսենք այնպես, ինչպես առաքյալն ասում է. «Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղօթեցե՛ք, ամէն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղ. 5:16-18):

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031