Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների եւ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետների դեկանների թափուր տեղերի համար հայտարարվել էր բաց մրցույթ:
Հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար առաջադրվել էին 2 թեկնածու՝ բ.գ.թ., դոցենտ, համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը, ով առաջադրվել էր հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի կողմից եւ բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը, ով նույնպես հայոց լեզվի եւ գրականության ամբիոնից է և ինքնառաջադրվել է:
Ֆակուլտետի խորհրդում, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, 5 տարի ժամկետով, Մհեր Քումունցն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան:
Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնին նույնպես 2 թեկնածու է առաջադրվել. համալսարանի կենսաբանության եւ քիմիայի ամբիոնի դոցենտ Լիլիթ Աթաբեկյանը՝ առաջադրվել է կենսաբանության եւ քիմիայի ամբիոնի կողմից, եւ ֆ-մ.գ.թ., դոցենտ Արփինե Դինունցը, ով բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն է: Նա առաջադրվել է մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ամբիոնի կողմից:
Ինչպես մեզ հայտնեցին Գորիսի պետական համալսարանից, այս պահին ընթանում է բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստը և շուտով պարզ կլինի, թե ով է ընտրվել բնագիտական մասնագիտությունների դեկանի պաշտոնում:
Ցանկանում ենք նշել նաև, որ այս ընտրություններով, Գորիսի պետական համալսարանում ազդարարվեց բարեփոխումների նոր ծրագրի սկիզբը: Շնորհավորում ենք Մհեր Քումունցին, դեկանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ցանկանում բեղումնավոր աշխատանք՝ հանուն գիտության զարգացման, արդարության ապահովման:
«Գորիսն այսօր»
Լուսանկարը՝ Stop Kadr Photo Agency