Լրահոս
Օրվա լրահոսը

«2017-ին Մինսկի խումբն ակտիվ է աշխատել, այլ հարց է՝ որքան արդյունավետ». Կարեն Բեքարյան

Դեկտեմբեր 27,2017 15:15

«2017-ի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները և բանակցության կողմերը փորձել են բանակցությունները կառուցել վստահության միջոցների ներդրման և մյուս կողմից՝ բանակցությունների քաղաքական բաղադրիչն առաջ մղելու ուղղությամբ»,- «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

Գնահատելով 2017-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ պարոն Բեքարյանը նկատեց, թե համանախագահությունն ակտիվ է աշխատել, այլ հարց է՝ որքան արդյունավետ: Նա փաստեց, որ 2017-ի ընթացքում ունեցել ենք համանախագահների՝ 10-ից ավելի հաղորդագրություն-հայտարարություններ:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ակնհայտ է այն, եթե ուզում ենք բանակցային գործընթացում բեկում ունենալ և հաջողությունների հասնել, առաջին հերթին սահմաններին պետք է լինի հանդարտություն:

Անդրադառնալով 2017-ին՝ բանակցային գործընթացի հիմնական ուղղություններին՝ պարոն Բեքարյանը նշեց. «Բանակցային գործընթացը հիմնվել է հետևյալ հիմնական ուղղությունների վրա՝ մի կողմից Վիեննա-Սանկտ Պետերբուրգ շղթան է, հետո՝ Ժնև՝ վստահության միջոցների և սահմաններում լարվածությունը թուլացնելու խնդիրը, մյուս կողմից՝ արդեն տեղից շարժելու բանակցային գործընթացի՝ արդեն քաղաքական կարգավորման բաղադրիչը»:

Պարոն Բեքարյանը նաև շեշտեց, թե Ադրբեջանն այս տարի ունեցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց. «Ադրբեջանն ու Թուրքիան շարունակել են փորձեր անել մեկուսացնելու Հայաստանին: Ադրբեջանի համար տարին ունեցել է որոշակի բարդություններ: Այդ երկրում շարունակում են հետընթաց արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպությունները: Մեծ աղմուկ բարձրացրեց նաև ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար չածելը: Երկրի իմիջին բավական մեծ հարված հասցրեցին կոռուպցիոն սկանդալների բացահայտումները, շարունակվեցին բռնաճնշումները քաղաքական որոշ գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ»:

Սահմանին մշտադիտարկման սարքերի տեղադրման հարցի վերաբերյալ պարոն Բեքարյանն ասաց. «Այդ սարքերի տեղադրման հաշվին էապես նվազում են դիվերսիոն գործողությունները և մարդկանց կյանքին սպառնալիքները: Սա բավականին արդյունավետ մեխանիզմ է, և եթե գործընթացն ունենա իր շարունակականությունը թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային մասով, արդյունքն ակնհայտ կլինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031