2016թ. ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի գործով դատական նիստում այսօր հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալներից Պավել Մանուկյանը՝ «Ապարանցի Պավլիկը»: Դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ նա ասաց. «Պատահական չէ, որ դատարաններին չեն վստահում, մենք գիտենք, որ դուք ի վիճակի չեք…Դատական օրենսգիրքը երբ կուզեն՝ կդնեն գլխներին, կամ կգցեն ոտքի տակ…»: Պավել Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ այս գործով դատախազները եւս «ի վիճակի չեն»:
«Այս թիմով հնարավոր չէ աշխատել, դուք էլ գիտեք դա: Կարծես մեզ ասեք՝ «յոլա գնացեք»…ո՞վ է տարածք հանձնելու իրավունք տվել, դա դավաճանություն է, հանցագործներին այս դահլիճում չէ, որ պետք է փնտրեք, սիրելիս»,-շարունակեց Պավել Մանուկյանը, ապա վիրավորական արտահայտություններ հղեց դատախազների հասցեին: Դատավոր Մակյանը հորդորեց նրան կոռեկտություն դրսեւորել եւ դատարանում ոչ ոքի չպիտակավորել:
Հավելենք, որ այս գործով հաջորդ նիստը կկայանա արդեն 2018թ. հունվարին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ