2016թ. ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Արմեն Բիլյանի (մեղադրվում է նաեւ երկու ոստիկանի սպանության մեջ) շահերի պաշտպան փաստաբան Արմինե Ֆանյանը դատավոր Մեսրոպ Մակյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Արմեն Բիլյանն արդեն 10 օր է՝ հացադուլի մեջ է ու պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:
«Մեր բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժզննություն չի կատարվել: ՔԿՀ-ից ինձ գրությամբ տեղեկացրին, որ դատավորի իրավասությունն է՝ որոշել նրան տեղափոխել: Նրա կյանքն արդեն իսկ վտանգված է, հնարավորինս արագ պետք է հարցը լուծել»,-հայտարարեց Արմինե Ֆանյանը:
Դատավորն իր հերթին հայտնեց, որ ՔԿՀ-ից նման բովանդակության գրություն չի ստացել, միայն տեղեկացրել են, որ Արմեն Բիլյանի հետ խորհրդատվական եւ բացատրական աշխատանքները շարունակվում են: «Խուցը ցուրտ է՝ անմարդկային պայմաններում: Նա մենախցում է, իսկ հացադուլավորներին նման խցում չեն պահում»,-շարունակեց Արմինե Ֆանյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը խոստացավ համապատասխան գրություն ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ին: Հացադուլավոր Արմեն Բիլյանն էլ իր հերթին հավելեց. «Որքան էլ այդ թղթաբանությունը ձգձգեն, ես կմեռնեմ, բայց դուրս չեմ գա հացադուլից»: Նա պնդեց, որ ցանկանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել: Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանն էլ հայտարարեց, որ ինքը եւս հացադուլ է սկսում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ