2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի գործով դատական նիստում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանն առաջին անգամ սանկցիայի ենթարկեց ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Հայկ Ալումյանին՝ համապատասխան դիմում հղելով ՀՀ փաստաբանների պալատին: Ինչպես դատավորը նշեց, նախորդ նիստում նրա պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանը սանկցիայի էր ենթարկվել եւ հեռացվել նիստերի դահլիճից, իսկ այդ դեպքում պաշտպանի ներկայությունը պարտադիր է, մինչդեռ Ալումյանն առանց դատավորի թույլտվության է լքել նիստերի դահլիճը:
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը չհամաձայնեց՝ հայտնելով, որ եթե ինքը սանկցիայի է ենթարկված եւ հեռացված, ուրեմն պաշտպանին չի լիազորում առանց իրեն նիստերի մասնակցել: Դատավորն էլ հորդորեց նախապայմաններով չխոսել, քանի որ օրենսդրությունը պաշտպանից նախապայմանով հրաժարվելու նորմեր չի նախատեսում:
«Ոչ թե մեզ օրենք բացատրեք, այլ ինքներդ պահեք այդ օրենքը: Մենք լավ գիտենք, թե հայրենիքին ինչպես են ծառայում, դուք էլ ծառայեք»,-դիմելով դատավորին՝ կոչ արեց Սմբատ Բարսեղյանը: «Ցանկություն ու պարտավորություն չունեմ ձեզ հետ բանավիճելու»,-եզրափակեց դատավոր Մակյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ