Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանն արջի ծառայություն է մատուցում, քանի որ ցանկացած դեպքում նրա ասածը սև PR է». Վիգեն Հակոբյան

Դեկտեմբեր 27,2017 13:35

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը 2017-ի ծնունդ է համարում ԵԼՔ ընդդիմադիր դաշինքի հայտնությունը: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Էդգար Վարդանյանը, ամփոփելով 2017-ը, նշեց, որ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ մեխանիզմ էին իշխանությունների վերարտադրության համար, և նրանք օգտվեցին դրանից:

Ըստ պարոն Վարդանյանի՝ ընդդիմադիր դաշտում այժմ թիվ մեկ դիրքերը գրավում է ԵԼՔ դաշինքը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ փաստեց՝ առաջին անգամ հետընտրական իրական զարգացումներ չեղան, և 2017-ին առաջին անգամ ընդդիմությունը չխոստացավ թեժ աշուն:

Անդրադառնալով հանրության հասցեին հնչած մեղադրանքներին, թե մարդիկ 10.000 դրամով իրենց ձայնը վաճառեցին, պարոն Հակոբյանն ասաց. «Իմ տպավորությամբ՝ ընտրական միջոցառումների այս մեխանիզմների մեջ ավելի շատ զանգվածներ են սկսում ներքաշվել: Մյուս կողմից մարդիկ, չտեսնելով որևէ ռեալ այլընտրանք, լուրջ կասկածներ ունեն այլընտրանք կոչեցյալների նկատմամբ: Այդ պատճառով էլ շատ դեպքերում մարդիկ հիասթափվում են և սպասում ընտրությունների օրվան որպես մի օրվա, որի ընթացքում կարելի է ինչ-ինչ գումար վաստակել»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ քաղաքական գործընթացները մեր երկրում կառուցվում են առևտրային գործարքների վրա. «2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակությունն այդ գործարքի կողմ դարձավ, և քաղաքական ուժերի մոտ խանդ առաջացավ, թե այդ գործարքի կողմը մենք պիտի լինեինք և մենք պիտի պայմանավորվեինք իշխանության հետ, այդ ինչո՞ւ ավելի էժան գնով իշխանությունները պայմանավորվեցին հասարակության հետ»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ 2018-ին երկրի ղեկը կրկին վերցնելու՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին քննարկումներին՝ Էդգար Վարդանյանն ասաց. «Հնարավոր չէ 100 տոկոսով ասել, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, բայց ամենահավանական տարբերակը հենց դա է: Նախ` համակարգն ինքնին ինչ-որ տեղ այլընտրանք չի թողնում այն մարդուն, որն ավարտում է իր պաշտոնավարումը և պետք է գտնի տարբերակ պահպանելու իր ռեսուրսները: Մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մարդը գրեթե միշտ եղել է շատ բարձր պաշտոնների և ունեցել լուրջ լծակներ: Նույնիսկ այն ժամանակ, երբ չի եղել վարչապետ, նախագահ, նա եղել է սուպեր նախարար: Նա ոչ միայն  զուտ պաշտոնյա է, այլ անձ, որն ունի լուրջ լծակներ, ռեսուրսներ և հեղինակություն որոշակի շրջանակում»:

Ըստ Էդգար Վարդանյանի՝ այժմ ականատես ենք լինում Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու քարոզարշավին, և հիմնական մեխն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի առաջարկում իր թեկնածությունը, այլ խնդրում են, որ նա ստանձնի այդ պատասխանատու պաշտոնը, և ինքն էլ ստիպված ընդառաջում է:

Ըստ քաղաքագետի՝ հավանաբար Կարեն Կարապետյանն էլ է մնալու իշխանության ներսում՝ միգուցե փոխվարչապետի պաշտոնում: Եվ հնարավոր է ունենանք ռուսական՝ Պուտին Մեդվեդև տանդեմի հայաստանյան մոդիֆիկացիան:

Վիգեն Հակոբյանը նկատեց, թե իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանն ավելի խճճեց իրավիճակը: Ըստ քաղտեխնոլոգի՝ այժմ ունենք միայն Սերժ Սարգսյանի երկու հայտարարությունները, մնացածն անորոշ է. «Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանն առնվազն առ ժամանակ կփորձի տեղավորվել Իվանիշվիլիի կարգավիճակում. լինել իրոք իշխանության տերը, բայց Մելիք Ադամյանում նստած՝ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Վերջին երկու տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավոր գլխացավանքն այն է, որ բալանսավորված համակարգ ձևավորի, որ կարողանա կառավարել նաև այն դեպքում, եթե իրավիճակն այնպիսին է, որ անպայման չէ՝ ինքը վարչապետ լինի»:

Դառնալով ՀՀԿ-ականների՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին հայտարարություններին՝ պարոն Հակոբյանն ասաց. «Երբ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե ինքը պատրաստ է մնալ իշխանության մեջ, ՀՀԿ-ականների ուղեղներում միտք է առաջանում, որ նման բան նա չէր կարող ասել առանց շեֆի թույլտվության: Երբ Գալուստ Սահակյանն է հայտարարություն անում, այլ բան են մտածում: Իմ անձնական կարծիքն է, որ Գալուստ Սահակյանն արջի ծառայություն է մատուցում, քանի որ ցանկացած դեպքում նրա ասածը սև PR է: Եթե Գալուստ Սահակյանը «Մերսեդես» էլ քարոզի, «Մերսեդեսի» վաճառքները կարող են նվազել: Խառնաշփոթը հենց նրանում է, որ բոլոր այդ հայտարարությունները որպես ակնարկ են ընկալվում»:

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու պարագայում առանցքային նշանակություն կունենա այն, թե ինչպիսին կլինի արտաքին դասավորությունը, անվտանգության իրավիճակը. «Առայժմ այդ իրավիճակը բավականին հանդարտվել է, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն այս փուլում մի վերջին ակորդ էր, որը հանգիստ իրավիճակ էր բերել: Եթե այս իրավիճակը շարունակվի ապրիլին, ապա Սերժ Սարգսյանը չի մնա ապրիլին վարչապետ: Եթե իրավիճակը փոխվի, չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց կառաջանա Սերժ Սարգսյանի վերադարձի հավանականությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031