Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՞ս, թե՞ կարտոֆիլ». հարց`Էդուարդ Շարմազանովին

Դեկտեմբեր 27,2017 13:03

«Ես այդ օպերայի, խաղի ակտիվ մասնակիցներից եմ, ճիշտ չի, որ ես գնահատեմ: Կողմնակալ կլինի»,- այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին`համեմատել այս խորհրդարանի եւ նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր ուժերի աշխատանքը: Լրագրողը նկատեց` ընդդիմությունն այս գումարման խորհրդարանում կարծես ակտիվ չէ, որ քաղաքական բանավեճեր, որպես այդպիսին, չկան: Էդուարդ Շարմազանովը հումորով նկատեց. «Դե որ տաս հարցերի արանքում 20 րոպե ընդմիջում վերցնեն`կդանդաղեն»:

«Թե նախկինում ենք ունեցել կառուցողական ընդդիմադիր գործընկերներ, թե այսօր: Միշտ չէ, որ ընդդիմության գործունեությունն իշխանությանը, նաեւ ինձ կարող է հաճելի թվալ, բայց նրանք նրա համար չեն, որ Շարմազանովի կամ Բաբլոյանի ցանկություններն իրականացնեն: Իհարկե, մտքերի բախում է լինում, ինչը նորմալ է, մանավանդ խորհրդարանական համակարգի պայմաններում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը`հավելելով, որ ինքը գնահատում է այն գաղափարական բախումները, որ կան պառլամենտում:

«Նորմալ է, այնպես չէ, որ մենք իդեալական ենք, ընդդիմությանն էլ պետք է խորհուրդ տանք: Մենք նախ պետք է տեսնենք մեր աչքի գերանը, հետո նոր ընդդիմության աչքի փուշը: Պետք է երկուսով միասին ծառայենք ՀՀ-ին: Ես այն կարծիքին չեմ, որ մենք պետականամետ ենք, իսկ ընդդիմադիրները` ոչ: Ընդդիմությունը, եթե ոչ ավել, ապա ոչ էլ պակաս պաշտպանում են ՀՀ-ի շահը միջազգային գործուղումների ընթացքում»,- ասաց նա:

Հարց հնչեց նաեւ թանկացումների մասին: Ասաց`գործադիրի իր գործընկերների`մինչ այժմ արած հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունի:
«Մի՞ս, թե՞ կարտոֆիլ»,- հումոր արեց լրագրողներից մեկը: «Եվ-եւ»,- հումորով արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

Ասաց նաեւ, որ Ամանորի տոներն անցկացնելու է ավանդաբար`ընտանիքով Ալավերդիում, հայրական տանը:

Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց ընդդիմությանը գալիք տոների կապակցությամբ: Ասաց. «Աստված իրենց խաղաղության, սիրո, բարեկեցության մեջ պահի, ծառայենք ՀՀ-ին երկուսով միասին»:

Ինչ վերաբերում է մտավախությանը, թե իշխանությունը կարող է փոխել խորհրդարանի կանոնակարգ-օրենքը, որպեսզի ընդդիմությունը չկարողանա ընդմիջումներ վերցնի, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ընդմիջումների հարցը կպահենք: Կանոնակարգը պետք է քննարկվի, հակասական կետերը պետք է քննարկվեն, այդ թվում ընդդիմության հետ միասին, խորհրդարանը միայն իշխանությանն արտահայտվելու վայրը չէ, ձայնը լռեցնելն այնտեղ լավ բանի չի հանգեցնելու»:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031