Ի՞նչն է խանգարում նախագահ Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքն է վարչապետի թեկնածուն, մանավանդ որ ՀՀԿ-ականները հայտարարում են`Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Այս հարցն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ուղղեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Բանախոսն ասաց`մեծ է գայթակղությունը պատասխանել խանգարել-չխանգարելու մասով, բայց ինքը սադրանքների չի տրվի եւ կպատասխանի իր`«շարմազանովական» ոճով:
«2018-ը կգա, կպատասխանենք: Նախագահը վերջերս տված հարցազրույցում շատ ծավալուն խոսել է բոլոր մարտահրավերների մասին, թե 2018-ին ինչ է լինելու: ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ շարունակելու է իշխել մինչև 2022 թվականը, իսկ թե ո՞վ որտե՞ղ կլինի, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կհավաքվեն, կորոշեն»,- մանրամասնեց:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` ինքը չի ճանաչում Հայաստանում գործող պետական-քաղաքական գործիչներից մեկին, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին մարտահրավերներին դիմակայումը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ինքը համամիտ չէ, որ անփոխարինելի մարդիկ չկան. «Օրինակ, Վահան Հովհաննիսյան գործիչն անփոխարինելի է, մենք նրա կարիքն ունենք»:
«Ես բոլորին շատ եմ հարգում, ընդունում, բայց կարծում եմ, որ ՀՀԿ-ում կա մեկ լիդեր: Եվ դա Սերժ Սարգսյանն է: Բոլորիս` թե Կարեն Կարապետյանի, թե Վիգեն Սարգսյանի, թե մեր թիմի մյուս անդամների համար, ինչպես նաեւ պետության համար: Ինչպես ավելի արդյունավետ կլինի, այդպես էլ կորոշենք»,- ամփոփեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ