Եվրամիության կազմից դուրս գալու Բրիտանիայի լավ մտածված և հեռատես որոշումը կարող է մոդել ծառայել Եվրամիության և դրա կազմի մեջ չմտնող մյուս երկրների, օրինակ` Թուրքիայի կամ Ուկրաինաի հարաբերությունների համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է BBC-ն:
Ըստ նախարարի՝ առաջիկա տարիներին ո՛չ Թուրքիան, ո՛չ Ուկրաինան չեն դառնա Եվրամիության անդամ, հետևաբար Բրյուսելը պետք է մտածի այդ երկրների հետ համագործակցության այլ ձևաչափերի մասին:
Թուրքիան առաջին անգամ ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ., երբ դեռ կառույցը կոչվում էր Եվրոպական տնտեսական ընկերակցություն:
Սակայն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը շարունակում է մնալ միանգամայն անորոշ՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ծանր վիճակի հետ և իշխանությունների կողմից ժողովրդավարական սկզբունքների խախտման հետ:
Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ ԵՄ-ը կարող է Թուրքիայի առաջարկել նոր, առավել սերտ մաքսային միության ձևաչափ, սակայն միայն այն դեպքում, եթե քաղաքական իրավիճակն այդ երկրում բարելավվի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ