Հոկտեմբերի 27-ին, Առաջին ալիքն ազդարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։ Երկու ամիս շարունակ, նախագծի ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Լսումների արդյունքում, շուրջ 100 դիմորդից ընտրվեցին այն 20 մասնակիցներն, ովքեր հնարավորություն կստանան ներկայացնել իրենց երգերը հեռուստադիտողի եւ միջազգային ժյուրիի առջև, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ին։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝
Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ» ։
Մասնակիցների մրցութային երգերը հունվարի 15-ից հասանելի կլինեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի Յութուբյան էջում ։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։
Մամուլի հաղորդագրություն