2014 թ․ պետբյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերին ներում շնորհվեց։ Նրա հետ զրուցեցինք բանտային կյանքի եւ այլ թեմաների շուրջ։
-Ձեր կուսակից ընկերները՝ Շարմազանով, Հովհաննես Սահակյան եւ այլք, կապի մե՞ջ էին Ձեզ հետ եւ փորձե՞լ են արդյոք պայքարել Ձեզ համար, Ձեր շահերը պաշտպանել, քանի որ Դուք չէիք ընդունում Ձեզ վերագրված մեղքը, եւ հանիրավի էին, փաստորեն, դատում։
-Որեւէ միջնորդություն չի եղել ու չէր էլ կարող լինել, որովհետեւ որեւէ ազդեցություն չէր կարող լինել։ Գիտե՞ք, բանտը նման է ապակե գերեզմանի։ Երբ սովորական գերեզման ենք մտնում, չենք տեսնում, թե ովքեր են մեզ վրա ծաղիկներ դնում, իսկ այստեղ տեսնում ես, թե ով է քո նկատմամբ բարեհաճ, ով՝ ոչ։ Կային մարդիկ, ովքեր իրենց պահեցին ինչպես ընկերներ, կային մարդիկ, որոնցից ընդհանրապես չէի սպասում, որ ինձնով կհետաքրքրվեն, եւ ճիշտ հակառակը՝ կային մարդիկ, որոնց չէի սպասում, որ կդառնան անտարբեր, բայց դարձան։ Ինչեւէ, սա կյանք է, եւ ես ոչ մեկից էլ չեմ նեղանում՝ սկսած Ձեր ասած քաղաքական ղեկավարությունից մինչեւ ընկերներ։ Եթե ինչ-որ մի բան կա, ուրեմն մեղավորը ես եմ եղել։
-Բայց Ձեր մեղքն այդպես էլ չընդունեցիք, ասում էիք, թե անմեղ եք։
-Ուրեմն իմացեք՝ էս կյանքում անմեղ մարդ չկա, եթե ընդհանրական սրբադասումը հանենք, ես, բնականաբար, սուրբ չեմ եղել, բայց այն, ինչ ինձ էին մեղսագրում, դատարանում արդեն ասել եմ այդ մասին։
-Պարոն Խաչիկյան, այրե՞լ եք ՀՀԿ վերադարձի բոլոր կամուրջները, թե՞ մի օր կարող եք հայտնվել շարքերում։
-Իմ ընկերներն այնտեղ են, ես շփվում եմ շատերի հետ, բայց ինքս քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ։ Եթե նույնիսկ ունենամ էլ, չեմ կարող ասել, թե իրենք ինչ դիրքորոշում կունենան։
-Հիասթափվե՞լ եք քաղաքականությունից։
-Նույն գետը չի կարելի երկու անգամ մտնել։ Ի՞նչ իմաստ ունի զբաղվել մի բանով, որը դու անցել ես։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում